Գնալով ավելի քիչ ամերիկահայեր են հայերն խոսում` թուլացնելով սեփական մշակույթը պահպանելու սփյուռքի ունակությունը: Այդ մասին հայտարարել է Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Հակոբ Գուլուջյանը` Կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, գրում է «Glendale News-Press»-ը:
«1970թ-ից հայոց լեզվի օգտագործումը կտրուկ նվազել է սփյուռքի կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` հարսանիքների, մկրտությունների ժամանակ, դպրոցներում եւ մամուլում»,-ասել է Գուլուջյանը, ով հայագիտություն է դասավանդում համալսարանում:
Նա առաջարկել է ստեղծել լեզուն օգտագործողների «կրիտիկական զանգված», ինչը կհանգեցնի հայերենով ավելի շատ գրքերի հրատարկությանը եւ լեզվի առավել հաճախակի օգտագործմանը:
Համաժողովում քննարկված մյուս թեմաներից մեկը վերաբերել է սփյուռքի երեք կուսակցությունների միջեւ Հայաստանի կառավարության հետ համակարգման բացակայությանը, ինչի մասին հայտարարել է Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի ղեկավար Ստեփան Աստուրյանը: Նրա խոսքով` կուսակցությունները հայտարարում են, թե իշխանություն ունեն, սակայն վերջին 20 տարում շատ քիչ բան են արել: Ըստ նրա`պետք է ստեղծել մի կազմակերպություն, որը կներկայացնի բոլոր հայ համայնքները:
Քննարկվել է նաեւ Բոստոնի համալսարանի ժամանակակից հայոց պատմության եւ հայ գրականության ամբիոնի վարիչ Սայմոն Պայասլյանի աշխատանքը, ով հետեւել է, թե ինչպես են նվազում հայ համայնքները Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ում: Ըստ նրա` Մերձավոր Արեւելքից հայերը հեռանում են, իսկ ԱՄՆ-ում` ձուլվում:




























