ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարի իր պարտավորությունները՝ հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իբրահիմ Ռեզաիին։
«Ներկայումս անգամ բանակցությունների քննարկումն անտրամաբանական է, քանի որ դա կհանգեցնի նավթի գների նվազման, ինչը կթուլացնի ճնշումը ԱՄՆ-ի վրա և կխրախուսի ամերիկացիներին շարունակել ճնշում գործադրել և թշնամանք դրսևորել իրանցի ժողովրդի նկատմամբ», - Ռեզաիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
«Միացյալ Նահանգները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, նախքան կսկսվեն որևէ բանակցություններ», - հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հաստատել էր, որ ամերիկացի բանակցողները երկուշաբթի բանակցություններ են վարել իրանական կողմի հետ։
«Այո՛», - պատասխանել է նա Սպիտակ տանը իր թիմը Իրանի հետ խոսե՞լ է արդյոք հարցին։
Թրամփը նաև հաստատել է, որ բանակցություններն ընթացել են միջնորդների միջոցով։
Անցած կիրակի ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այս շաբաթ Իրանի հետ սպասում է բանակցությունների նոր փուլ։ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ դրանք կարող են կայանալ երկուշաբթի։
Միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում էին, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին երկուշաբթի Նյու Յորքում հանդիպում կանցկացնի միջնորդների հետ՝ վերջին զարգացումները քննարկելու և արդիական հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։
Հունիսի 18-ի լույս գիշերը ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր հակամարտության ավարտի համար մի շարք քայլեր։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում էին Հորմուզի նեղուցի բացումը և Թեհրանի հավաստիացումները միջուկային զենք մշակելու ծրագրերի բացակայության վերաբերյալ։ Այդ համաձայնագիրը չհանգեցրեց ակնկալվող արդյունքներին։





























