ԱՄՆ-ում տղամարդն իր մոր  փոխարեն տասնյակ հազարավոր դոլարների սոցիալական նպաստներ է ստացել: 6 տարվա ընթացքում նա մի ամբողջ դիմակահանդես էր սարքել քողարկվելով:

51-ամյա արկածախնդրին դատապարտել են 41 տարվա ազատազրկման: Պայմանական վաղաժամկետ ազատազրկման հնարավորություն նա կստանա միայն 13 տարի եւ 8 ամիս անց, գրում է The Huffington Post թերթը:

Գործի նյութերից հետեւում է, որ Թոմաս Փարքինի մայրը` Այրին Փրուսիքը, մահացել է 2003 թվականին` 73 տարեկան հասակում:

Դրանից հետո տղամարդն սկսել է նրա փոխարեն ներկայանալ եւ յուրացրել նրան հասանելիք  44 հազար դոլարի թոշակը եւ նպաստը: Սոցիալական հաստատություններում  ամերիկացին ներկայացել է կանացի զգեստ հագած, բաց կեղծամ եւ մուգ ապակիներով մեծ ակնոցներ դրած, հայտնում է  NEWSru.com-ը:

Տղամարդը նաեւ նման մի բան է արել Բրուքլինում իր մոր 2,2 միլիոն դոլար արժողությամբ տան հետ կապված: Այն վաճառվել էր պարտքի դիմաց` մոր մահվանից որոշ ժամանակ առաջ: Քննիչներին խաբելու համար Թոմաս Փարքինը նորից թոշակառուի է կերպարանափոխվել: Նա նաեւ  շրթներկ է օգտագործել  եւ  ներկել եղունգները, որպեսզի էլ ավելի նմանվի տարեց, բայց գործունյա կնոջ:

Հանցագործին հաջողվել է բացահայտել, երբ ոստիկանության տրամադրության տակ է հայտնվել Այրին Փրուսիքի գերեզմանի լուսանկարը: Ձերբակալությունից հետո Թոմաս Փարքինը հայտարարել է, որ ինքը  իր մայրն է, քանի որ  «մոր վերջին շունչն ինքն է ընդունել»: