ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը շարունակում է մարտական խնդիրներ իրականացնել Իրանի ափամերձ գոտում և այս պահին ավելի քան 20 ռազմանավ է կիրառում։ Այս մասին են վկայում ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության թարմացված տվյալները։
Աղբյուրը փոխանցել է, որ Արաբական ծովում՝ Իրանի ափերից հարավ-արևելք ընկած ջրային տարածքում, մարտական հերթապահություն են իրականացնում երկու ավիակիր՝ «USS George Bush»-ը և «USS George Washington»-ը։ Դրանց վրա ընդհանուր առմամբ տեղակայված է ավելի քան 100 կործանիչ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ։
Ավիակիրների հետ միասին տարածաշրջանում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցից արևելք գտնվող Օմանի ծոցում, տեղակայված է 10 էսկադրային ականակիր։ Դրանք զինված են «Tomahawk» տեսակի թևավոր հրթիռներով, որոնց խոցման հեռավորությունը հասնում է 1600 կմ-ի։
Օմանի ծոցում առաջադրանքներ է կատարում նաև դեսանտային խումբը, որի կազմում ներառված է երեք խոշոր դեսանտանավ։ Դրանցում տեղակայված է Ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն գումարտակը (շուրջ 2200 զինծառայող), F-35 տեսակի ուղղաձիգ թռիչք ու վայրէջք իրականացնող կործանիչների երկու էսկադրիլիա, կոնվերտոպլաններ, հարվածային ու տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև դեսանտային նավակներ։
Եվս երկու հրթիռակիր էսկադրային ականակիր գտնվում է Կարմիր ծովում, իսկ մեկ հածանավ ու երեք էսկադրային ականակիր՝ Հնդկական օվկիանոսում։
Բացի այդ, Իրանի մոտակայքում գտնվող ամերիկյան ՌԾՈւ խմբավորման կազմում է «USS Miguel Keith» նավը, որը ծառայում է որպես էքսպեդիցիոն ծովային ապահովման բազա։
Այս պահին ռազմանավերի մեծ մասը ներգրավված է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն ապահովելու գործողություններում։





























