Վաշինգտոնն իր գործողություններով ճգնաժամի է հասցրել միջուկային կարգը։ Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հուշագրում, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Միջուկային զենքի տարածմանն ուղղված ԱՄՆ-ի բացահայտ քայլերը խաթարում են միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի հիմքերը և դառնում համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գլխավոր գործոնը», — հայտարարել է նախարարությունը։

Փհենյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնն «անպատասխանատու կերպով հրաժարվել է միջուկային տերության՝ զինաթափման իր պարտավորություններից»։

«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, երբ ԱՄՆ-ի միջուկային ուժերի արագ աճի և միջուկային տեխնոլոգիաների տարածման բացահայտ քայլերի պատճառով միջազգային միջուկային կարգը լիովին փլուզման եզրին է, մեր պետությունից պահանջում է առավել ակտիվ դերակատարում ունենալ համաշխարհային խաղաղության պահպանման և գլոբալ ռազմավարական կայունության ապահովման գործում», — նշված է հայտարարության մեջ։

Հուշագրում ԱՄՆ-ն անվանվել է միջուկային զենքի գլոբալ տարածման գլխավոր մեղավորը։

Մասնավորապես, Հյուսիսային Կորեան որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջուկային դաշինքի ձևավորման ապացույց է մատնանշում ատոմային սուզանավերի ոլորտում Վաշինգտոնի համագործակցությունը Սեուլի ու Տոկիոյի հետ, ինչպես նաև AUKUS դաշինքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա)։

Փհենյանի կարծիքով՝ նման համագործակցությունը ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ Հարավային Կորեան մշակի միջուկային զենք ստեղծելու սեփական ծրագիրը։

Նշվում է, որ հենց այս «լուրջ սպառնալիքն» էլ կանխորոշելու է Հյուսիսային Կորեայի քայլերը՝ «երկրի և տարածաշրջանի անվտանգության շահերը պաշտպանելու» գործում։