«ChatGPT»-ի մշակող ամերիկյան «OpenAI» ընկերությունը հրապարակավ ներողություն է խնդրել Ավստրալիայից՝ իր մոդելների՝ պետական ռեսուրսներ ապօրինի մուտք գործելու համար։ Ընկերությունը հայտնել է անվտանգության միջոցառումների խստացման և խորհրդարանական լսումներին իր ներկայացուցչին ուղարկելու մասին, ասված է «OpenAI»-ի հայտարարության մեջ։
Հունիսին ներքին ուսուցման և թեստավորման ընթացքում «OpenAI»-ի մոդելները մուտք են գործել «Medicare» համակարգի վիճակագրական հաշվետվությունների պորտալ, Նոր Հարավային Ուելսի հանցագործությունների վիճակագրության բյուրո, ինչպես նաև Վիկտորիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ու Ավստրալիայի առողջապահության և սոցիալական ապահովության ինստիտուտի տվյալների բազաներ։
«Մենք նաև պետք է ավելի արագ ու ճիշտ արձագանքեինք։ Ներողություն ենք խնդրում և աշխատում ենք, որպեսզի հետագայում ավելի արդյունավետ գործենք», — նշված է հայտարարության մեջ։
Ամենալուրջ միջադեպը գրանցվել է «Medicare»-ի վիճակագրական հաշվետվությունների ծառայության հետ։ Հանրային օգտագործման համար չնախատեսված փորձարարական մոդելը հայտնաբերել է համակարգ մուտք գործելու հնարավորություն, կատարել հրահանգներ, ստացել ներքին ֆայլեր, մուտքային տվյալներ ու ամփոփ վիճակագրություն, ինչպես նաև ֆայլեր է գրանցել։ Ընդ որում, «OpenAI»-ի տվյալներով, քաղաքացիների անհատական բժշկական գրանցումներն ու տվյալները չեն տուժել։
Ընկերությունից հայտնել են, որ միջադեպից հետո խստացրել են հետազոտական մոդելների՝ ինտերնետ մուտքի սահմանափակումները և ընդլայնել դրանց գործողությունների մոնիթորինգը։ «OpenAI»-ն ավելի վաղ կասեցրել էր նաև իր ամենահզոր մոդելների ուսուցումն ու թեստավորումը (մինչև պաշտպանության լրացուցիչ միջոցների ներդնումը)։
Բացի այդ, ընկերությունը մտադիր է տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ավստրալական գերատեսչություններին՝ կիբեռպաշտպանությունն ամրապնդելու համար, ինչպես նաև ավստրալացի անկախ փորձագետների ներգրավմամբ հատուկ խումբ ստեղծել, որը կմշակի ԱԲ գործակալների հետ կապված ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։
Միջադեպի առնչությամբ «OpenAI»-ի ռազմավարության գծով տնօրեն Ջեյսոն Քվոնը ԱՄՆ-ից կմեկնի Ավստրալիա և հոկտեմբերի 6-ին Սիդնեյում ելույթ կունենա արհեստական բանականության հարցերով Ավստրալիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի լսումներին։




























