Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնասյուն, սակայն դրա հավերժական արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն սրբազան երաշխիքը, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մրցակցել արդար և հավասար պայմաններում։ Այս մասին ԵԽԽՎ–ում ունեցած իր ելույթում նշել է ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է, որ հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված համակարգային խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսների կոպիտ չարաշահմամբ և ընդդիմադիր գործիչների դեմ ուղղված քրեական հետապնդումների աննախադեպ ալիքով։

Այս փաստերը հանգեցրին ընտրովի արդարադատության մասին լայն տարածում գտած ընկալմանը և միտումնավոր կերպով հետ պահեցին ընդդիմության աջակիցներին քարոզարշավին մասնակցելուց։

Տեղում արձանագրված իրավիճակը ցնցող էր. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ավելի քան 300 անդամներ ձերբակալվել կամ կալանավորվել են՝ անմեղության կանխավարկածի շարունակական խախտումներով։ Կառավարության այս հաշվարկված գործողությունները խորը վախի մթնոլորտ ստեղծեցին։

Հնարավորությունների հավասարությունը խաթարվեց, քանի որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանը ապօրինաբար պահվում էր տնային կալանքի տակ՝ զրկված լինելով քարոզարշավ իրականացնելու իրավունքից։ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներով։

Ավելին, իշխող կուսակցության ընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմված էր պետական ​​և հանրային ծառայողներից՝ ջնջելով կուսակցության և կառավարության միջև սահմանագիծը և խաթարելով ընտրությունների հավասարությունը։

Քաղաքականության շուրջ բանավիճելու փոխարեն՝ իշխող կուսակցությունը խրախուսում էր ատելության խոսքն ու ահաբեկումը, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները և նույնիսկ նոր պատերազմի սպառնալիքները՝ այն դեպքում, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողանար պահպանել սահմանադրական մեծամասնությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը գլխավորում էր իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, բոլորովին զուրկ էր անաչառությունից։ Սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվեցին երկու ընտրատեղամասերի արդյունքները՝ Հայ ժողովուրդն արժանի է իսկապես ազատ, արդար և հավասար ընտրական գործընթացի։ Հայաստանի Հանրապետությունն արժանի է իրական ժողովրդավարության՝ եվրոպական լավագույն փորձին համահունչ»։