44–օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի ծնողի հետ քննարկել ենք Հաղթանակ զբոսայգու պատին Ալբերտի նկարի հետագա ճակատագրի, ձևի և բովանդակության հարցը, թե կոնցեպտուալ առումով ինչ տեսք կունենա, նաև վայրի հարցն ենք քննարկել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29–ին, NEWS.am—ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Խոսակցությունը շատ կառուցողական է եղել, ստացել ենք դրական արձագանք։ Այգու այդ հատվածում բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Ծնողի կողմից լսելու ենք առաջարկներ, ինքը պետք է ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում, նորից նկարի տեսք, թե այլ տեսք կունենա։ Նաև այլ օղակներից առաջարկներ կտանանք։ Մի քանի տարբերակներ ենք քննարկել, չենք գտել վերջնական լուծումը և չենք եկել վերջնական փուլին»,–ասաց նա։
Խոսնակը նշեց, որ նկարը պատից ջնջվել է, որովհետեւ պետք է ոչ միայն պատը վերանորոգվի, այլև հարակից տարածքը, ինչպես նաև գեղարվեստական լուսավորություն պետք է լինի։ «30 տարի շարունակ այդ տարածքում որևէ բան չի արվել, երբեք չի հիմնանորոգվել։ Այդ համատեքստում, մինչև Բաբայն փողոցի հատվածը լուսավորության համակարգի թարմացում է լինելու»,–ասաց նա։
Հարցին՝ ինչ ժամկետներում խնդրին լուծում կտրվի, Ազարյանը պատասխանեց. «Վստահաբար հոկտեմբերը ներառյալ կտևի»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ շուրջ մեկ շաբաթ առաջ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը, ինչը հանրային լուրջ դժգոհություն էր առաջացրել։
44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Ջուլիետա Ազարյանի հետ հանդիպմանը՝ նշելով. «Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։
Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդյունքը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ քաղաքացիներին։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի և իմ ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքն ու աջակցությունը մեզ ուժ տվեցին։ Շնորհակալ եմ, որ կաք։
Իսկ հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»։





























