Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) ԱՄՆ-ի հետ հակամարտության ֆոնին բաց նամակ է հղել ամերիկացիներին։

«Առ այսօր պատերազմը ավելի քան 3,6 հազար մարդու կյանք է խլել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 400 երեխա։ Ռմբակոծության է ենթարկվել ութ համալսարան, երեք հիվանդանոց և ութ դպրոց», — ասված է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված ԻՀՊԿ բաց նամակում։

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով գտնվելով Նյու Յորքում, սեպտեմբերի 25-ին հայտարարել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավելի քան 5 հազար մարդ է զոհվել Իրանում։

Զինվորականների մամուլի ծառայության հրապարակած նամակում ԻՀՊԿ-ն պնդում է նաև, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պարտվել են այս հակամարտությունում, իսկ իրանական կողմը դուրս է եկել հաղթանակած։

Նամակի հղմանը նվիրված ասուլիսի ընթացքում Պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին սուտ է անվանել այն պնդումները, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ։

Նա հավելել է, որ դեռ 25 տարի առաջ ԱՄՆ-ն հայտարարում էր, թե Իրանին հաշվված շաբաթներ են մնացել նման զինատեսակ ձեռք բերելու համար։ Այս առնչությամբ նա հարց է բարձրացրել. «Այդ դեպքում որտե՞ղ է (միջուկային զենքը)»։ Մոհեբին նաև նշել է, որ ԱՄՆ-ն սպանել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որն արգելել էր միջուկային զենքը երկրում։

«Եթե ԱՄՆ իշխող վերնախավն իր ծախսերի թեկուզ 10%-ն ուղղեր տարբեր երկրներին օգնելուն, այլ ոչ թե դրանց վրա հարձակվելուն, նրանց կսիրեին։ Մի՞թե ժամանակը չէ, որ ԱՄՆ ղեկավարությունը փոխի իր քաղաքականությունը», — հավելել է Մոհեբին։