Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան հերքել մամուլի այն լուրերը, թե ԱՄԷ-ն 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նախօրեին իսրայելական կողմին զգուշացրել է պաղեստինյան արմատակաբ «Համաս» շարժման նախապատրաստվող հարձակումների մասին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ այս թեման եղել է հանդիպման առանցքային հարցերից մեկը։ Միևնույն ժամանակ, AP-ի աղբյուրները չեն հայտնում, թե ինչ համաձայնության են եկել Իսրայելի վարչապետն ու ԱՄԷ-ի նախագահը։

Ավելի վաղ հանդիպման փաստը հաստատել էր էմիրաթական WAM պետական գործակալությունը։ Մինչ այդ Նեթանյահուի՝ Աբու Դաբի կատարած չհայտարարված այցի մասին հայտնել էր Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Երեք շաբաթ առաջ Նեթանյահուն իր փաստաբաններին հանձնարարել էր զրպարտության հայց ներկայացնել Haaretz թերթի դեմ, որը պնդել էր, թե հոկտեմբերի 7-ի հարձակումից 10 օր առաջ Իսրայելի վարչապետին զանգահարել է ԱՄԷ նախագահը և զգուշացրել, որ Գազայում «Համաս» շարժման առաջնորդ Յահյա Սինվարը լայնամասշտաբ հարձակման ծրագրեր է մշակում Իսրայելի դեմ։ Նեթանյահուի փաստարկմամբ՝ կառավարության ղեկավարի աշխատակազմը, Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը և ռազմական քարտուղարությունը մանրակրկիտ ստուգել են վարչապետի այդ օրերի զանգերի գրանցամատյանը և որևէ նման հիշատակում չեն գտել։

2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների զինված մասնակիցները Գազայից ներխուժեցին իսրայելական տարածք։ Ներխուժումն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով. ընդհանուր առմամբ զոհվեց ավելի քան 1,2 հազար իսրայելցի, ևս 250 մարդ պատանդ վերցվեց։ Այս հարձակումը հանգեցրեց Գազայի հատվածում տևական ռազմական գործողությունների և իրավիճակի կտրուկ էսկալացիայի ողջ Մերձավոր Արևելքում։