Մինչև 2036 թվականը Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի շուրջ 1 ԳՎտ պակասորդի՝ հաշվի առնելով գործող ատոմակայանի շահագործման դադարեցումը։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա համաձայն չէ այն պնդման հետ, թե Հայաստանն այսօր էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի։
Լիխաչովի խոսքով՝ դրվածքային հզորությունն ու մատչելի գնով էլեկտրաէներգիա ունենալը տարբեր հասկացություններ են։ Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել երկրում էլեկտրաէներգիայի սպառման աճի տեմպերին։
«Անցյալ տարի աճը 7% էր։ Եվ նույնիսկ եթե հիմք ընդունենք սպառման տարեկան 4% աճի բավականին բարձր ցուցանիշը, ապա Մեծամորի ատոմակայանի փակումից հետո՝ նոր կայանի գործարկման պահին (2036 թվականին), կունենանք մոտ 1 գիգավատի դեֆիցիտ»,- ասել է նա։
«Ռոսատոմի» ղեկավարն անդրադարձել է նաև հայկական էներգահամակարգի առանձնահատկություններին, որոնք պայմանավորված են արևային էներգիայի մեծ տեսակարար կշռով և օրվա ընթացքում սպառման կտրուկ տատանումներով։
Ըստ նրա՝ ատոմային էներգետիկան ծառայում է որպես էլեկտրաէներգիայի անխափան աղբյուր՝ անկախ եղանակային պայմաններից կամ օրվա ժամից։
«Սա աշխատում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, անկախ արևից, քամուց, եղանակից կամ բնության կամակորություններից»,- հայտարարել է նա։
Լիխաչովը նոր՝ առնվազն 1 ԳՎտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու «Ռոսատոմի» առաջարկը հիմնավորում է հենց էլեկտրաէներգիայի կայուն ու հուսալի աղբյուր ունենալու պահանջով։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ապագա կայանի տեխնոլոգիական տարբերակի և մատակարարի ընտրությունը բացառապես Հայաստանի կառավարության որոշելիքն է։ Նրա խոսքով՝ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ կլինեն նոր միջկառավարական համաձայնագրեր և ֆինանսավորման հստակ մոդել։





























