Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) բաց նամակով ամերիկացիներին կոչ է արել փոխել իշխանությունը ԱՄՆ-ում։
«Մենք կարող ենք խաղաղ համագոյակցել։ Իշխանությունից հեռացրե՛ք չար, ստախոս ու դաժան քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատու են Ամերիկայի ներկայիս վիճակի համար։ Երկրի կառավարումը վստահե՛ք իմաստուններին, այլ ոչ թե խորամանկներին։ Համոզվե՛ք, որ ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է», — ասված է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված ԻՀՊԿ նամակում։
Պահապանների կորպուսը նաև ընդգծել է, որ իրանական կողմը թշնամանք չի տածում ամերիկացիների նկատմամբ, իսկ «Մահ Ամերիկային» կարգախոսը, ինչպես հայտարարել է ԻՀՊԿ-ն, ուղղված է ամերիկյան վերնախավի գործած հանցագործությունների դեմ։
Բուն նամակը նվիրված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ընթացիկ իրավիճակին։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ից սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն ավելի ուշ կրկին փոխանակվեցին հարվածներով։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։





























