Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան հայտարարել է, որ օգոստոսի 15-ին Տալլինում «Milrem Robotics» պաշտպանական ընկերությունում բռնկված հրդեհը ռուսական հատուկ ծառայությունների պատվերով իրականացված դիվերսիա էր։ Նրա խոսքով՝ այս եզրահանգումը հիմնված է երկրի Ներքին անվտանգության ծառայության (KAPO) հավաքագրած տվյալների վրա։ Ցախնան նման գործողություններն «անընդունելի» է որակել և տեղեկացրել, որ Էստոնիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը կկանչի Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին։ Կրեմլում այս մեղադրանքները «անհիմն» են անվանել։

«Milrem Robotics»-ն արտադրում է ռոբոտացված ցամաքային համալիրներ և սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ՝ մասնավորապես մատակարարելով «THeMIS» անօդաչու մարտական մեքենաներ։ Ընկերությունում տեղի ունեցած հրդեհման գործով ավելի վերջերս ձերբակալվել է երեք մարդ, որոնցից երկուսը՝ Լատվիայում։ Էստոնիայի արտգործնախարարը նշել է, որ սաբոտաժի այս ակտը Եվրոպայում Ռուսաստանի ծավալած ավելի լայն արշավի մասն է, որի նպատակն է ահաբեկել Եվրամիությանը և թուլացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, սակայն, նրա համոզմամբ, Կրեմլը ճիշտ հակառակ արդյունք է ստանալու։