Գերմանիայի բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոքները սպառնացել է խորհրդարանական խմբակցություններին ամբողջ կազմով դուրս հանել լիագումար նիստերի դահլիճից, եթե դրանց ներկայացուցիչները խախտեն բանավեճերի անցկացման կարգը։

«Եթե իրավիճակը սրվի, ես դահլիճից դուրս կհանեմ ամբողջ խմբակցությանը։ Որպես խորհրդարանի նախագահ՝ ես ունեմ այդ իրավունքը», — Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում հայտարարել է Կլյոքները։

Բունդեսթագի ղեկավարն ընդգծել է, որ նախազգուշացումն առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) և «Ձախեր» խմբակցություններին, որոնք, նրա խոսքով, առաջատար են կանոնակարգի խախտման համար ստացված նկատողությունների թվով։

Հիմնավորելով իր դիրքորոշումը՝ նա դժգոհել է գերմանական խորհրդարանում բանավեճերի ցածր մակարդակից։

«Բնականաբար, նիստերի ընթացքում մթնոլորտը կարող է թեժանալ, դա լիովին հասկանալի է։ Բայց երբ առաջնային է դառնում ոչ թե քննարկումը, այլ վարկաբեկումը, երբ թիրախավորվում են ոչ թե փաստարկները, այլ անձը, ապա դա, իմ կարծիքով, արդեն վտանգավոր է դառնում», — նշել է Կլյոքները՝ հավելելով, որ նման պայմաններում փոխհամաձայնության հասնելն անհնար է դառնում։

Անդրադառնալով պատգամավորական խմբերի կողմից թույլ տրվող կոնկրետ խախտումներին՝ բունդեսթագի նախագահը հայտարարել է, որ շատերը խորհրդարանական ամբիոնը վերածում են սոցցանցերի համար հոլովակներ նկարահանելու բեմահարթակի։ Նրա փոխանցմամբ՝ դահլիճում վատ սովորություն է ձևավորվել․ արդյունավետ տեսաշար ստանալու նպատակով պատգամավորները իսկական ներկայացումներ են բեմադրում, ողջույններ հղում իրենց հետևորդներին և ելույթ ունենում օրակարգից դուրս թեմաներով։

Սեպտեմբերի սկզբին բունդեսթագում թեժ քննարկումներ էին ծավալվել Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրությունների արդյունքների շուրջ։ Քննարկման ընթացքում ընտրություններում հաղթած ԱԳՀ կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին մեղադրել էր գերմանական տնտեսության կոլապսի մեջ, ինչին ի պատասխան Մերցը ԱԳՀ-ն անվանել էր ապակառուցողական ուժ։ Մերցի ելույթն ուղեկցվել էր ընդդիմադիր պատգամավորների սուլոցներով ու դժգոհության աղաղակներով։