Սննդամթերքի հսկողության տեսչական մարմինը սոցիալական ցանցերում աղմկահարույց տեսանյութի հայտնվելուց երկու օր անց հայտարարել է հանրապետության բանջարեղենի բոլոր վաճառակետերում «անհապաղ» ստուգումներ նախաձեռնելու մասին։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Բանն այն է, որ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ աչալուրջ քաղաքացիներից մեկը ֆիքսել էր Երևանի բանջարեղենի խանութներից մեկում վաճառվող գյուղմթերքի վրա քիմիական նյութի ցանման դեպքը։ Սրան ի պատասխան՝ ՍԱՏՄ-ն հայտարարել էր ամբողջ երկրի տարածքում մրգի և բանջարեղենի վաճառքի այլ կետերում լայնամասշտաբ ստուգումների և լաբորատոր փորձաքննությունների անցկացման մասին։

Փորձագետի գնահատմամբ՝ միջադեպից երկու օր անց նման ստուգումների իրականացումն ամենևին չի կարելի «անհապաղ» անվանել։

Նա նաև նշել է տեսչական մարմնի հայտարարության մեջ որևէ կոնկրետության բացակայության մասին, որով, ըստ էության, հաստատվել է գյուղմթերքի վրա քիմիական նյութերի առկայությունը։

Նման մոտեցումը Պիպոյանը որակել է որպես «պատշաճ մասնագիտական մակարդակի բացակայություն»։

«Հայտարարել են, թե «նյութ է հայտնաբերվել»։ Ի՞նչ նյութ, ի՞նչ քանակությամբ, արդյոք այն վտանգ ներկայացնո՞ւմ էր հանրության համար, թե՞ նման բան չկար․ այս ամենի մասին ոչ մի խոսք չկա։ Կներեք, իհարկե, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «բեսեդկաներին», բայց սա բակի բեսեդկաների մակարդակի խոսակցություն է», — ասել է Պիպոյանըը։

Սննդամթերքի հսկողության տեսչական մարմնի նման աշխատանքը մասնագետն անվանել է ակտիվ գործունեության իմիտացիա։ Ընդ որում, ըստ Բաբկեն Պիպոյանի, սա վերաբերում է ոչ միայն այս կառույցին, այլև ողջ ներկայիս պետական ապարատին։

Առկա խնդիրները մասամբ լուծելու համար, փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել բնակչության աչալրջությունն ու իրազեկվածությունը, ինչպես նաև զարգացնել քննադատական մտածողությունը։