2026 թվականի երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի պետական պարտքը հասել է 3 595,5 մլրդ եվրոյի, կամ երկրի ՀՆԱ-ի 119%-ին, հաղորդում է Ֆրանսիայի ազգային վիճակագրական վարչությունը (INSEE)։

Երեք ամսում պարտքն ավելացել է 59,6 միլիարդ եվրոյով՝ առաջին եռամսյակում գրանցված 75,8 միլիարդ եվրո աճից հետո։ Արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 117,5%-ից բարձրացել է 119%-ի։

Պարտքի ավելացման հիմնական շարժիչը կենտրոնական կառավարությունն է, որի պարտավորություններն աճել են 53 միլիարդ եվրոյով։ Մասնավորապես, երկարաժամկետ պետական արժեթղթերի ծավալն ավելացել է 36,9 միլիարդ, իսկ կարճաժամկետինը՝ 16,5 միլիարդ եվրոյով։

Սոցիալական ապահովագրության հիմնադրամների պարտքն աճել է ևս 8,4 միլիարդ եվրոյով։ Միևնույն ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների պարտքը, ընդհակառակը, նվազել է 1,7 միլիարդ եվրոյով։

INSEE-ն նաև տեղեկացնում է, որ Ֆրանսիայի զուտ պետական պարտքը, որը հաշվի է առնում պետության ֆինանսական ակտիվները, եռամսյակի ընթացքում ավելացել է 68,2 միլիարդ եվրոյով՝ հասնելով 3,366,8 միլիարդ եվրոյի (ՀՆԱ-ի 111,4%-ը)։

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետական պարտքը կազմում էր 3,417,2 միլիարդ եվրո կամ ՀՆԱ-ի 115,2%-ը։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում պարտքն ավելացել է շուրջ 178 միլիարդ եվրոյով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ դրա հարաբերակցությունն աճել է 3,8 տոկոսային կետով։

INSEE-ն այս տվյալները հրապարակել է սեպտեմբերի 29-ին՝ հիմնվելով Ազգային հաշիվների, Ֆրանսիայի պետական ֆինանսների գլխավոր վարչության և Ֆրանսիայի բանկի տվյալների վրա։