Հունգարիայում Վիկտոր Օրբանի կառավարության երկու նախկին նախարարների կալանավորել են, երբ երկրի խորհրդարանը նրանց զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, գրում է The Guardian-ը։
Բալաշ Հանկոյին կասկածում են պետական միջոցների ապօրինի օգտագործման մեջ, իսկ Միկլոշ Շեշտակին՝ կաշառքներ և ատկատներ ստանալու մեջ։ Երկուսն էլ հերքում են իրենց մեղքը։
Հանկոն, որը Օրբանի օրոք զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը և պահպանել է «Ֆիդես» կուսակցությունից ստացած պատգամավորական մանդատը, կալանավորվել է երկուշաբթի ուշ երեկոյան։ Դատախազության վարկածով՝ նա առնչություն ունի Հունգարիայի ազգային մշակութային հիմնադրամի միջոցներից 17,3 միլիարդ ֆորինտի (47 միլիոն եվրո) ապօրինի օգտագործմանը։ Քննությունը կարծում է, որ այդ գումարներն ուղղվել են «Ֆիդեսի» հետ կապված արվեստագետներին և կազմակերպություններին, ինչպես նաև օգտագործվել են կուսակցության 2026 թվականի ընտրարշավը ֆինանսավորելու համար։
«Իմ խիղճը մաքուր է, սա քաղաքական ցուցադրական դատավարություն է», — հայտարարել է Հանկոն կալանավորումից քիչ առաջ։
Նույն օրը կալանավորվել է նաև Միկլոշ Շեշտակը, որը 2014–2018 թվականներին զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը։ Քննիչները նրան կասկածում են ավելի քան 12 միլիարդ ֆորինտ (32,6 միլիոն եվրո) կաշառքների և ատկատների ստացման մեջ, որոնք առնչվում են պետական ավտոբուսային ընկերության գնումներին և շինարարական նախագծերին։ Գործի կենտրոնում օգտագործված ավտոբուսների ձեռքբերումն է այնպիսի գներով, որոնք, ինչպես ենթադրում է քննությունը, կարող էին ուռճացված լինել։ Շեշտակը ևս հերքում է մեղադրանքները։
Հունգարիայի խորհրդարանը միաժամանակ անձեռնմխելիությունից զրկել է նաև վարչապետ Պետեր Մադյարին։ Նա ինքն է խնդրել դա՝ հայտարարելով, որ ցանկանում է հերքել 2024 թվականի միջադեպի հետ կապված մեղադրանքները, ըստ որոնց՝ նրան կասկածում են, որ խլել է իրեն նկարահանող անձի հեռախոսը և նետել այն Դանուբ գետը։
Նախկին նախարարների կալանավորումները դարձել են Օրբանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ առաջին քրեական հետաքննությունները, երբ իշխանության է եկել Մադյարի կուսակցությունը, որը ապրիլյան ընտրություններում հաղթել էր նախորդ կառավարության ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելու խոստմամբ։





























