Թուրքմենիայի իշխանություններն արգելել են 1941-1945 թվականների պատերազմը կոչել «Մեծ հայրենական պատերազմ»: Այս հրահանգը լրատվամիջոցներին ուղարկվել է մայիսի 9-ին: Լրատվամիջոցներն այն ստացել են հեռախոսով` մշակույթի նախարարությունից: Նման հրահանգի պատճառներն իշխանությունները չեն նշել:
Ինչպես հայտնում է «Թուրքմենիայի խրոնիկա» իրավապաշտպան կազմակերպության կայքը, մայիսի 9-ին երկրի ղեկավարությունն ու նախագահին ուղղված շնորհավորանքներում, նաեւ ռադիո եւ հեռուստահաղորդումներում նշվել է պարզապես «1941-45 թվականների պատերազմ»:
Նշենք, որ «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը կիրառվում է միայն Խորհրդային մի շարք երկրներում, իսկ Եվրոպական երկրներում, որոնք նույնպես մասնակցել են այդ պատերազմին, այն կոչում են «Երկրորդ համաշխարհային պատերազմ»:




























