Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչությունը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ հոկտեմբերի 5-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նշվում է, որ երկու դեպքում էլ քարոզչությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ-ն հիշեցնում է, որ քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութեր չի կարելի տեղադրել, մասնավորապես, դպրոցներում, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Արգելվում է նաև պոկել, պատռել կամ վնասել քարոզչական պաստառները։





























