Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, որոնք գտնվում են Գազայի հատվածից դուրս, նույնպես Իսրայելի թիրախներն են, հաղորդում է The Times of Israel-ը:
Նա ասել է, որ երկիրը մտադիր է հետապնդել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման բոլոր մասնակիցներին։
«Արտասահմանում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն էլ են մեր նշանառության տակ»,- հայտարարել է Կացը տեսաուղերձում։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ երեքշաբթի գիշերը իսրայելական զինվորականները Գազայում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարին։
Ըստ Կացի՝ դա դարձել է խմբավորման ղեկավարների դեմ շարունակվող գործողությունների շարքի մի մասը։
Կացը հայտարարել է, որ այն մարդիկ, որոնք, Իսրայելի պնդմամբ, կենտրոնական դեր են խաղացել հոկտեմբերի 7-ի հարձակման մեջ, հանգիստ կյանքի հույս չպետք է ունենան։
Նա նաև հիշեցրել է անցյալ տարի Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ Իսրայելի հարվածի մասին։
«Մի անգամ նրանց հաջողվեց փրկվել տեխնիկական անսարքության պատճառով։ Բայց հաջորդ անգամը կգա, և նրանք նույնպես կուղարկվեն դժոխքի խորքերը», — հայտարարել է իսրայելցի նախարարը։





























