«Եվրատեսիլի» նախաշեմին ադրբեջանական ոստիկանությունը բողոքի երկու խաղաղ ակցիա է ցրել, ասվում է միջազգային իրավապաշտապան «Human Rights Watch» կազմակերպության հայտարարության մեջ:

Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին խաղաղ ցրվել եւ հարձակվել են նրանց վրա` հարվածելով ռետինե մահակներով եւ նրանց լցնելով ավտոբուսները: Հայտարարության մեջ նշվում է, թե տեսանյութերից մեկում երեւում է, ինչպես են երեք ոստիկան մի կնոջ հրում, ով ուշաթափվում է, սակայն «օրենքի պահապաններից» եւ ոչ մեկը չի օգնում նրան:

«Ադրբեջանի իշխանությունները գնացել են ամեն ինչի` «Եվրատեսիլի» նախօրեին Բաքուն նախապատրաստելու եւ «հղկելու» համար, սակայն խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները ստվեր են նետում միջոցառման վրա»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Գեորգի Գոգիյան:

Նա նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է պաշտպանել երկրում խոսքի ազատությունը, այդ թվում` թույլատրել խաղաղ ցույցերը: