Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հերքում է վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի պնդումները, թե նիստի ընթացքում իրեն վիրավորել և սպառնացել է։

Կատվալյանի խոսքով՝ ինքը Դավթյանին չի ասել՝ «թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ», ինչպես պնդում է բաժնի պետը։ Թաղապետը նաև հայտարարում է, որ Դավթյանը նիստից դուրս է հրավիրվել իր վարքագծի պատճառով։

«Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից՝ իր վարքագծի պատճառով։ Այս մասով առկա է նիստին մասնակցած աշխատակիցների գրավոր արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս փաստերը գնահատել ոչ թե հարցազրույցի, այլ արձանագրված հանգամանքների հիման վրա»,- ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ նշել է Կատվալյանը։

Լիանա Դավթյանը, սակայն, հակադարձում է՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Նրա խոսքով՝ նիստի ընթացքում, երբ ինքը զեկույց էր ներկայացնում, Կատվալյանը պարբերաբար միջամտել է և դժգոհություններ հայտնել։

Դավթյանի պնդմամբ՝ երբ ինքը փորձել է պարզաբանել իրավիճակը, թաղապետը վարչության պետերի ներկայությամբ սկսել է գոռալ իր վրա, սպառնացել է իրեն դուրս շպրտել, ապա արել է անպարկեշտ արտահայտություններ։

«Ասում եմ՝ ինչի՞ համար եք լարվել, հանգիստ եղեք, թուլացե՛ք։ Ներողություն եմ այդ արտահայտությունը մեջբերելու համար, ասաց՝ «ես ուրիշ բանից եմ թուլանում»։ Ես ապշած նայեցի իր դեմքին, ասացի՝ դրա համար եք հեռախոսները հավաքու՞մ նիստից առաջ, որովհետև դուք այս ձևով եք ձեր աշխատակիցների հետ խոսում։ Ասաց՝ եթե շարունակես, թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ»,-NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Դավթյանը։

Կատվալյանը որպես իր պնդումների հիմնավորում վկայակոչում է նիստին ներկա վարչության պետերի գրավոր արձանագրությունները։ Դավթյանն էլ ասում է, որ հույս ունի՝ աշխատակիցներ կգտնվեն, որոնք չեն վախենա և կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել ղեկավարի աշխատասենյակում։

«Նրանք պետք է հասկանան, որ պիտի ճշմարտությունն ասեն, որովհետև թաքցնելով՝ իրենք ոչ միայն ինձ են վնասում, այլև ցանկացած համայնքային ծառայողի։ Ցույց են տալիս, որ ղեկավարը ոնց ուզենա, կարող է աշխատողի հետ խոսել, այդ ձև իրեն պահել»,-նշեց Լիանա Դավթյանը։

Կատվալյանը պնդում է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները զրպարտություն են, և հայտարարել է, որ դատարանի միջոցով է փորձելու վերականգնել իր համբավը։

Դավթյանն իր հերթին ասում է, որ պատրաստվում է դատարանում պաշտպանել իր շահերը՝ ընդգծելով, որ հարցը, իր գնահատմամբ, միայն իր անձին չի վերաբերում։

NEWS.am–ը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու քաղաքապետի դիրքորոշումը միջադեպի վերաբերյալ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խոսնակ Ջուլիետա Ազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սաշա Կատվալյանն արդեն հրապարակային հայտարարություն է արել, և քաղաքապետարանը հավելելու ոչինչ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։