Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարի մայիսի 21-ին, հերթական անգամ հարձակման ենթարկվելու փաստի առթիվ Ոստիկանությունում ընթանում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում բարի մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարն մայիսի 21-ին, հերթական անգամ հարձակման է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել էր ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ): Նա նշել էր, որ ժամը 21.00-ի սահմաններում մի խումբ մարդիկ կոտրել են ակումբի դուռը, ներխուժել ներս, ջարդել այնտեղ եղած սեղանները, աթոռները, ջուր լցրել ակումբում: Ծոմակը նշեց, որ այս անգամ նրանց մեջ ավելի շատ տարիքով մարդիկ են, քան երիտասարդներ: Նրանք ակումբում մեծ պաստառ էին  թողել` «Լույս Լուսավորչի հավատին, մահ` ուրացողին» գրությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ սպառնալիքներ` «Ծոմակի ստեղծողի եսիմ ինչը, Ծոմակ, չենք թողնելու շնչես, մենք դեռ գալու ենք քո հետեւից» բովանդակությամբ: 

Դրանից առաջ նույն ակումբը մի քանի անգամ եւս հարձակման էր ենթարկվել:

Մայիսի 15-ի կեսօրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծոմակը հայտարարել էր, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Դրանից հետո Արծվիկ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:

Ի դեպ, մայիսի 21-ին Երեւանում կայացած բազմազանության շքերթի հանդեպ իրենց բողոքի ձայնը բարձրացնող երիտասարդները հայտարարել էին, որ այդ օրը ժամը 21.00-ին հավաքվելու են DIY ակումբի մոտ: Նրանք չէին ցանկացել  հայտնել հավաքի  նպատակը, սակայն խոստացել էին, ակումբը չեն պայթեցնի: