Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու որոշումը տեսականորեն կարող է ընդունվել նախևառաջ տնտեսական նկատառումներից ելնելով, սակայն գործնականում նման նախագիծը անխուսափելիորեն ունի նաև ավելի լայն միջազգային համատեքստ։ Դրա մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ միջուկային էներգետիկան տասնամյակներ շարունակ մնում է միջազգային համագործակցության առանձնահատուկ ոլորտ, որտեղ պետությունները կարող են փոխգործակցել նույնիսկ լուրջ քաղաքական տարաձայնությունների առկայության պայմաններում։
«20-րդ դարի 60-ականներից մինչ օրս միջուկային էներգետիկան այն ոլորտն է, որը աշխարհում կարգավորվում է վերքաղաքական մակարդակով։ Բազմաթիվ միջազգային պայմանագրեր՝ սկսած 1960-ականներից, ինչպես նաև Վիեննայի կոնվենցիան, ստեղծում են իրավական հիմքեր, որոնք մի շարք խաղացողների թույլ են տալիս, չնայած քաղաքական տարաձայնություններին, պահպանել միջուկային երկխոսությունը»,- ասել է Դավթյանը։
Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի և արևմտյան երկրների համագործակցությունը ատոմային ոլորտում։ Փորձագետի կարծիքով՝ միջուկային էներգետիկայի հենց ինքնին առանձնահատկությունը հնարավորություն է ընձեռում փոխգործակցության առանձին ուղղություններ ձևավորել նույնիսկ լայնածավալ քաղաքական հակասությունների պայմաններում։
«Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը միջազգային արևմտյան պատժամիջոցների տակ է, շարունակում է ԱՄՆ-ին միջուկային վառելիք մատակարարել և իրականացնել մի շարք միջուկային նախագծեր, դրանց թվում՝ արևմտյան շուկաներում»,- նշել է Դավթյանը։
Փորձագետը կարծում է, որ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել ապագա հայկական նախագծում տարբեր երկրների և ընկերությունների մասնակցության վերաբերյալ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հայտարարությունները։
«Լիխաչովի գլխավոր մեսիջը, եթե չեմ սխալվում, հենց այն էր, որ ոչ միայն «Ռոսատոմ»-ն է պատրաստ ներգրավվել այս նախագծի իրականացման մեջ։ Խոսքը կոնսորցիումային տրամաբանության մասին էր, որի շրջանակում ֆրանսիական, ռուսական, հարավկորեական, չինական և ամերիկյան տեխնոլոգիաները, ընկերություններն ու կապիտալը կարող են միավորվել՝ հայկական միջուկային նախագիծն իրականացնելու համար»,- ասել է Դավթյանը։
Նրա կարծիքով՝ նման մոդելը կդառնար ատոմային ոլորտում միջազգային համագործակցության առավել նկատելի օրինակներից մեկը։ Սակայն միաժամանակ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանը տիրապետո՞ւմ է այնքան քաղաքական և դիվանագիտական ռեսուրսների, որոնք անհրաժեշտ են այդքան բարդ բազմավեկտոր մոդելի իրականացման համար։
«Իսկ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունի՞ այն աշխարհաքաղաքական ռեսուրսն ու կապիտալը, որը հնարավորություն կտա իրականացնել այսչափ բազմավեկտոր միջուկային քաղաքականություն»,- հարց է բարձրացրել փորձագետը։
Դավթյանը նշել է, որ ներկայում Հայաստանը փաստացի քննարկում է երկու սկզբունքորեն տարբեր տեխնոլոգիական մոտեցում։ Մեկը կապված է փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ամերիկյան առաջարկի , մյուսը՝ մեծ հզորության կայան կառուցելու ռուսական առաջարկի հետ։
«Այսօր մենք կանգնած ենք այլընտրանքի առաջ՝ կա՛մ գնում ենք Միացյալ Նահանգների առաջարկած մոդուլային ռեակտորների իրականացման նախագծի ճանապարհով, կա՛մ Ռուսաստանի առաջարկած գիգավատտային կայանների փաթեթի ճանապարհով, այսինքն՝ 1000 և ավելի մեգավատտ հզորությամբ կայան կառուցելու ուղով»,- ասել է նա։
Միաժամանակ, ըստ փորձագետի, վերջին շրջանում ապագա ԱԷԿ-ի վերաբերյալ հայկական կառավարության դիրքորոշումը բազմիցս փոխվել է։ Ավելի վաղ Փաշինյանը խոսում էր փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիային կողմնորոշվելու մտադրության մասին։ Մայիսին վարչապետը հայտարարել էր նաև, որ Հայաստանը քննարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի առաջարկները և մտադիր է ընտրել նախագիծը՝ ելնելով տնտեսական արդյունավետությունից և տեխնոլոգիական բնութագրերից։
Փորձագետը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները միանգամից հինգ պոտենցիալ գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հետ, և փնտրում է լավագույն առաջարկը նոր կայանի կառուցման համար։
«Եթե հիշում եք, մոտ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք ունենք ռազմավարական որոշում՝ ԱԷԿ կառուցել փոքր միջուկային ռեակտորների տեխնոլոգիաների հիման վրա։ Այնուհետև, 2026 թվականի փետրվարին, Հայաստան է ժամանում ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը, ստորագրվում են հայ-ամերիկյան միջուկային համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց շրջանակում ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչները ժամանում են Մեծամորի ԱԷԿ՝ ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- նշել է Դավթյանը։
Միաժամանակ գործող կայանի շահագործման ժամկետների հարցը նույնպես մնում է քննարկման մաս։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի փետրվարի 11-ին Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը երկարաձգում է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը, իսկ հետո ենթադրվում է ևս մեկ՝ 10 տարվա երկարաձգում՝ մինչև 2046 թվականը։
Դավթյանը կարծում է, որ այս հանգամանքների ամբողջությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի վերջնական ռազմավարությունը ատոմային էներգետիկայի ոլորտում դեռևս ձևավորված չէ։
«Իսկ այսօր փաստացի ասվում է, որ դեռ վերջնական որոշում չկա, և դա ի վերջո վկայում է նրա մասին, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս միջուկային էներգետիկայի զարգացման շատ հստակ ծրագիր և դոկտրինա չի ընդունել»,- եզրափակել է փորձագետը։





























