Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ընդհանուր սահմանը չպետք է խոչընդոտ դառնա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար, և կոչ է արել ընդլայնել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը, դրանց թվում՝ երկաթուղային և ավիացիոն կապերը։

Դրա մասին Փեզեշքիանը հայտարարել է երեքշաբթի Իրանում այցով գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr-ը։

Փեզեշքիանն Ադրբեջանն անվանել է հարևան պետությունների նկատմամբ Իրանի քաղաքականության կարևոր մաս և ընդգծել երկու երկրների սերտ կապերը։

«Մենք հարազատների և եղբայրների պես ենք։ Մենք պետք է, հենվելով մեր երկրների ներուժի և ընդհանուր սահմանի վրա, շարունակենք ընդլայնել երկու պետությունների միջև հարաբերություններն ու փոխկապակցվածությունը»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նշել է, որ Իրանի և Ադրբեջանի կապերն ընդգրկում են գիտական, մշակութային, տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտները։ Փեզեշքիանը կոչ է արել ավելի ակտիվ օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռում է երկու երկրների աշխարհագրական դիրքը։

«Սահմանները չպետք է խոչընդոտ դառնան հարաբերությունների զարգացման համար։ Մենք պետք է օգտագործենք մեր ընդհանուր սահմանի և աշխարհագրական դիրքի ներուժը՝ փոխգործակցությունն ու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար»,- հայտարարել է նա։

Նախագահն առանձին ուշադրություն է հատկացրել տրանսպորտային երթուղիներին։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընդլայնել Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային, օդային և երկաթուղային հաղորդակցությունը։

«Որքան ավելի շատ այս երթուղիները միացված և ամրապնդված լինեն, այնքան ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման և ամրապնդման համար»,- նշել է Փեզեշքիանը։

Նախագահը նաև գոհունակություն է հայտնել Մուստաֆաևի կողմից Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի ու էներգետիկայի նախարարի հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Նա կոչ է արել արագացնել դրանց իրականացումը։

«Հույս ունենք, որ երկու կողմերի լուրջ հանձնառության և պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողության շնորհիվ այս համաձայնությունները հնարավորինս շուտ կանցնեն իրականացման փուլ», — ասել է Փեզեշքիանը։

Մուստաֆաևն, իր հերթին, հայտարարել է Իրանի հետ հարաբերությունները հետագայում ևս ընդլայնելու Ադրբեջանի պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարման անհրաժեշտությունը։

Ադրբեջանի փոխվարչապետը նշել է նաև Թեհրանի և Բաքվի ընդհանուր շահագրգռվածությունը տրանսպորտային և հաղորդակցական համագործակցության զարգացման, գործող երթուղիների ամրապնդման և այս ուղղության ներուժի առավել լիարժեք օգտագործման հարցում, հաղորդում է իրանական գործակալությունը։