Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է, որ Բրեքսիթը երկրին «ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ», և խոստացել է ձգտել Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունների, հայտնում է BBC News-ը։
Նա հայտարարել է նաև, որ Լեյբորիստական կուսակցությունն ընտրական համակարգի բարեփոխումը կներառի իր հաջորդ նախընտրական ծրագրում։
Բերնեմի ելույթի գլխավոր կետերից մեկը սոցիալական խնամքի բարեփոխումն էր։ Վարչապետն առաջարկել է Անգլիայում սոցիալական խնամքի ազգային ծառայություն ստեղծել, որը ծառայությունները կտրամադրի անվճար՝ դրանք ստանալու պահին։ Ըստ նրա՝ համակարգը պետք է գործի հետևյալ սկզբունքով․ «բոլորը ներդրում են ունենում, և բոլորը ստանում են օգնություն»։
Բարեփոխումը ֆինանսավորելու համար կառավարությունը նախատեսում է, ի թիվս այլնի, փոխել պետական կենսաթոշակների ինդեքսավորման գործող մեխանիզմը, որը հայտնի է որպես «եռակի կողպեք»։ Այժմ վճարները տարեկան բարձրացվում են երեք ցուցանիշներից առավելագույնի ՝ գնաճի, միջին աշխատավարձի աճի կամ 2,5%-ի չափով։
2030 թվականի ապրիլից նախատեսվում է վերացնել աշխատավարձերի աճի հետ կապը։ Ընդ որում, կենսաթոշակները կշարունակեն բարձրացվել առնվազն գնաճի մակարդակով կամ 2,5%-ով՝ կախված նրանից, թե որ ցուցանիշն ավելի բարձր կլինի։ Կառավարությունը հաշվարկում է, որ դա մինչև 2040 թվականը հնարավորություն կտա տարեկան տնտեսել մինչև 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Բերնեմը խոստացել է նաև բարեփոխել լիզհոլդի համակարգը՝ անշարժ գույքի երկարաժամկետ տիրապետման ձևը, և վերացնել ջրամատակարարող ընկերությունները պետական սեփականության վերադարձնելու օրենսդրական սահմանափակումները։
Վարչապետի առաջարկներն արդեն քննադատության են ենթարկվել ընդդիմության կողմից։ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոկը հայտարարել է, որ սոցիալական խնամքը կենսաթոշակային երաշխիքների փոփոխության հաշվին ֆինանսավորելու ծրագիրը «արդեն փլուզվում է մանրակրկիտ ուսումնասիրության պայմաններում»։ Վերլուծաբանները նաև նշում են, որ միայն կենսաթոշակների ինդեքսավորման վրա տնտեսումը կարող է բավարար չլինել սոցիալական խնամքի լիարժեք ազգային համակարգ ստեղծելու համար։




























