ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է արհեստական բանականությունը կոչել «գերբանականություն» (Super Intelligence, SI)՝ հայտարարելով, որ «արհեստական» բառը չի արտացոլում ժամանակակից տեխնոլոգիայի հնարավորությունները, հայտնում է NBC News-ը։
«Մենք այն կանվանենք SI՝ գերբանականություն»,- հայտարարել է Թրամփը գործադիր հրամանագիրը ստորագրելուց առաջ՝ փաստաթուղթն անվանելով «շատ հզոր»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ իրեն դուր չի գալիս «արհեստական բանականություն» եզրույթը, քանի որ խոսքը տեխնոլոգիայի մասին է, որը նա համարում է բացառիկ հզոր և մեծ օգուտ բերելու ունակ։ Թրամփը միաժամանակ հանդես է եկել ոլորտի չափազանցված կարգավորման դեմ և հայտարարել, որ ԱՄՆ-ը արհեստական բանականության ոլորտում պետք է պահպանի Չինաստանի նկատմամբ առաջատարությունը։
Միաժամանակ ավելի ուշ Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրի տեքստը, պարզվել է, հիմնականում նվիրված է պետական America.gov ինտերնետ-պորտալին, այլ ոչ թե արհեստական բանականության պաշտոնական վերանվանմանը։
Ըստ փաստաթղթի՝ կայքը պետք է դառնա պետական ծառայությունների հասանելիության պաշտպանված և ինտելեկտուալ միասնական կետ։ Օգտատերը կկարողանա համակարգին դիմել սովորական լեզվով, ստանալ ճշգրիտ պատասխաններ և, եթե դա տեխնիկապես հնարավոր և թույլատրելի լինի, կատարել պետական գործառնություններ՝ առանց տարբեր գերատեսչությունների կայքերի միջև անցնելու անհրաժեշտության։
«Գերբանականության» մասին Թրամփի հայտարարությունն ուղեկցել է արհեստական բանականության կիրառմամբ պետական թվային պորտալի զարգացման մասին հրամանագրի ստորագրմանը, սակայն փաստաթղթի տեքստն ինքնին ԱՄՆ-ում արհեստական բանականության պաշտոնական վերանվանում չի սահմանում։





























