Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ին է փոխանցել հնարավոր համաձայնագրի իր պայմանները, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ չի կարող որոշում ընդունել։

«Թրամփը հայտնվել է մի իրավիճակում, երբ նա չի կարող ոչ բանակցել, ոչ էլ պատերազմել»,- երեքշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռեզային, հաղորդում է Mehr-ը։

Ըստ Ռեզայիի՝ Իրանի պայմաններն արդեն հասցվել են ամերիկյան կողմին, սակայն Վաշինգտոնը, նրա պնդմամբ, բանակցությունների փոխարեն դիմել է ռազմական ճնշման։ Ռեզային Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում է անվանել։

Հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պաշտոնական պատասխանին Իրանի յոթ կետից բաղկացած առաջարկին, որը փոխանցվել է կատարցի միջնորդի միջոցով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ չի փոխվել, իսկ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման պայմանները շարունակում են մնալ քննարկումների կենտրոնում ստ րա ՝ Իրանը իր պայմանները համարում է արդար և ողջամիտ և միջնորդների միջոցով ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին է սպասում։

Ռեզային հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղության հաստատմանը։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում «ապագա չունի», իսկ Իրանը մտադիր է հակազդել ամերիկյան ներկայությանը։

Հանդիպման ընթացքում Մուստաֆաևը Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրել է որպես «բարեկամական և եղբայրական»։ Նա նաև հերքել է հաղորդումները, թե Ադրբեջանը թույլ է տվել իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։