Այս շաբաթ Կատարի միջնորդների գործադրած ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու նպատակով, արդյունք չեն տվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Նրանք փակուղի են մտել։ Իրանցիները պահանջում են այն, ինչին ԱՄՆ-ը պատրաստ չէ գնալ, իսկ ԱՄՆ-ը կարծում է, որ հաղթում է, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա», - ասել է պորտալի զրուցակիցներից մեկը։
Նշվում է, որ կողմերն ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ ռազմական հակամարտության վերսկսումը հավանական է։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաման տալ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողությունները միջանկյալ ընտրություններից հետո, հայտնում է պորտալը։
Axios-ի զրուցակիցները նշել են, որ Կատարի իշխանությունները կշարունակեն փորձերը, սակայն գնալով ավելի են հիասթափվում երկու կողմերից էլ։
Պորտալը հիշեցնում է, որ երկուշաբթի Նյու Յորքում կատարցի դիվանագետ Ալի ալ-Թավադին բազմաժամյա հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և նրա թիմի հետ։ Պորտալի աղբյուրի տվյալներով՝ նրանք քննարկել են Կատարի երկէջանոց փոխզիջումային առաջարկը։ Եվս երկու աղբյուրների խոսքով՝ Կատարի ծրագիրը միտված էր բավարարելու Իրանի պահանջը՝ ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակումը վերացնելու վերաբերյալ, և ԱՄՆ-ի պահանջը՝ Իրանին միջուկային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։
Նույն օրը երեկոյան կատարցի միջնորդը Վաշինգտոնում բանակցություններ է վարել Թրամփի ներկայացուցիչ Ջարեդ Քուշների և ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպման մի փոքր մասին մասնակցել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ամերիկացի պաշտոնյաները մի քանի ԶԼՄ-ների, այդ թվում՝ Axios-ին, հայտնել են, որ բանակցություններն անցել են «դրական և կառուցողական» մթնոլորտում, և որ Իրանը «միջուկային հարցերում փոխզիջման պատրաստակամություն է ցուցաբերել»։





























