Երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքում եվրոպական ֆոնդային ինդեքսները փակվել են տարբեր արդյունքներով։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 հավաքական ինդեքսը նվազել է 0,09%-ով՝ հասնելով 638,08 կետի։
Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0,45%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,53%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 0,42%-ով։ Միևնույն ժամանակ, գերմանական DAX-ն աճել է 0,1%-ով, իսկ իտալական FTSE MIB-ը՝ 0,09%-ով։
Ներդրողների տրամադրությունների վրա բացասաբար են ազդել կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման սպասումները, որոնց գումարվել է Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման անորոշությունը։ Նավթի գները երեքշաբթի նվազել են, սակայն շարունակում են բարձր մնալ՝ ավելացնելով գնաճի արագացման վախերը։
Իսպանիայում սեպտեմբերին գնաճն արագացել է մինչև 5% (օգոստոսի 4,6%-ի դիմաց)՝ հասնելով 2023 թվականի փետրվարից ի վեր առավելագույն մակարդակին։ Bloomberg-ի հարցված վերլուծաբանները սպառողական գների աճը միջինում կանխատեսում էին 4,9%։
Եվրոգոտում գործարար և սպառողական վստահության հավաքական ինդեքսը սեպտեմբերին նվազել է մինչև 97,9 կետ՝ օգոստոսի 98,4-ի փոխարեն։ Trading Economics-ի տվյալներով՝ փորձագետներն ակնկալում էին ցուցանիշի աճ մինչև 99 կետ։
Stoxx 600 ինդեքսում աճի առաջատարը Julius Baer բանկն է. բաժնետոմսերը թանկացել են 7,2%-ով այն լուրերի ֆոնին, որ Շվեյցարիայի ֆինանսական կարգավորող մարմինը դադարեցրել է բանկի նկատմամբ հետաքննությունը, ինչը թույլ կտա վերսկսել բաժնետոմսերի հետգնումը։
Ամենամեծ անկումը գրանցել են Lindt-ի արժեթղթերը՝ էժանանալով 8,7%-ով։ Շոկոլադ արտադրող շվեյցարական ընկերությունը վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը և այժմ վաճառքի օրգանական աճն ակնկալում է 0-2% սահմաններում՝ նախկին 4-6%-ի փոխարեն։
Hapag-Lloyd-ի շուկայական արժեքն աճել է 9,7%-ով այն բանից հետո, երբ գերմանական տրանսպորտային ընկերությունը բարձրացրել է տարեկան EBITDA-ի և EBIT-ի ակնկալիքները։
Ֆրանսիական էլեկտրատեխնիկա արտադրող Legrand ընկերության կապիտալիզացիան, միջնաժամկետ կանխատեսումների բարելավման շնորհիվ, աճել է 6,1%-ով։
Մետալուրգիական ոլորտի տեխնոլոգիական լուծումներ մշակող բրիտանական Vesuvius ընկերության բաժնետոմսերը թռիչքաձև աճել են 24,7%-ով։ Պատճառն ավստրիական RHI Magnesita-ի՝ ընկերությունը գնելու առաջարկն է՝ մեկ բաժնետոմսի դիմաց 5,51 ֆունտ ստեռլինգ գնով։ Առևտրային շրջանի փակման պահին արժեթղթերի գինը 4,67 ֆունտ էր։
Աճ են գրանցել նաև կիսահաղորդիչների ոլորտի ընկերությունները, այդ թվում՝ Infineon Technologies-ը (+4,8%), BE Semiconductor Industries-ը (+4,4%), ASM International-ն ու ASML Holding-ը (+4,2% յուրաքանչյուրը), ինչպես նաև STMicroelectronics-ը (+2,6%)։
Նկատելի կորուստներ են ունեցել նավթային ընկերությունները, մասնավորապես՝ TotalEnergies-ը (-2,4%), BP Plc-ն (-2,3%) և Shell-ը (-1,7%)։
Նվազել է նաև ավտոարտադրողների կապիտալիզացիան. Stellantis (-3,5%), Daimler Truck Holding (-2%), Mercedes-Benz Group (-1,9%) և BMW AG (-1,2%)։





























