Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Սպիտակ տուն այցելելուց հետո, աջակցել է ընկերությունների կողմից արհեստական բանականության մոդելների ինքնուրույն ստուգումների ուժեղացմանը՝ դա անվանելով առաջընթացի զգալի քայլ։

«Կարծում եմ՝ էական դրական քայլ է այն փաստը, որ ամերիկյան խոշոր լաբորատորիայի (ԱԲ ընկերության) ղեկավարները հանձն են առել ներդնել հուսալի ներքին վերահսկողություն և անցկացնել բազմամակարդակ աուդիտներ ու ստուգումներ», — X սոցիալական ցանցում գրել է Ցուկերբերգը։

Այսպես նա արձագանքել է ներդրող Դևիդ Սաքսի հրապարակմանը, ում Թրամփը նշանակել է ԱԲ ոլորտի քաղաքականության պատասխանատու։ Սաքսն իր հրապարակման մեջ ներկայացրել էր ստորագրված հանձնառության տեքստը։

«Սա աշխատակիցներին պետք է ավելի մեծ վստահություն ներշնչի առ այն, որ յուրաքանչյուր ընկերության մշակած տեխնոլոգիան գործելու է հենց այնպես, ինչպես նախատեսված է», — հավելել է Meta-ի ղեկավարը։

Թրամփը «զրպարտություն» է անվանել այն ենթադրությունները, թե «ԱԲ-ն կզավթի, կկլանի ու կոչնչացնի աշխարհը, իսկ ռոբոտները քայլերթով կանցնեն մեր քաղաքներով և կազատվեն բոլորիցս»։ Նա հնարավոր է համարել միայն մեղմ սահմանափակումները։ ԱՄՆ առաջնորդն ու նրա վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ ԱԲ սպառնալիքների մասին աղմուկ բարձրացնելը դեմոկրատների ձեռքի գործն է, որոնք փորձում են ազդել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականություն մշակող ամերիկյան առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման արդյունքներով Google-ը, Anthropic-ը, OpenAI-ը, xAI-ը, Meta-ն և Nvidia-ն պարտավորագիր են ստորագրել՝ ԱԲ մոդելների նկատմամբ ներքին վերահսկողության միջոցները խստացնելու մասին։