Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը: Իր ելույթում Արտակ Մանուկյանը նշեց, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի․ դրանք այլևս աբստրակտ չեն, այլ տարբեր դրսևորումներով արդեն տեսանելի են երկրի իրականության մեջ և դառնում են չափելի ցուցանիշներ։
Նրա խոսքով՝ ներկայացված քարտեզը հնարավորություն է տալիս տվյալներն օգտագործել ոչ միայն վարկավորման որոշումների, այլև կանխարգելիչ, սոցիալական և ֆինանսական ծրագրերի մշակման ընթացքում։
Նա ընդգծեց նաև, որ պետական կառավարման մարմինները կարող են այդ տվյալները ներառել իրենց որոշումների կայացման գործընթացում՝ ապագա ռիսկերը գնահատելու և կանխարգելելու համար։ «Կլիմայական ռիսկերը զգալի ազդեցություն են ունենում տնտեսության և ֆինանսական համակարգի վրա։ Այս գործիքը կօգնի ավելի լավ գնահատել այդ ռիսկերը և որոշումներ կայացնել հստակ ու վստահելի տվյալների հիման վրա։
ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ամրապնդելու ֆինանսական համակարգի դիմակայունությունը և զարգացնելու կլիմայական ռիսկերին արդյունավետ արձագանքելու կարողությունները, - նշեց ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։
Մշակված քարտեզները հնարավորություն են տալիս տարբեր բնակավայրերի և տարածքների համար գնահատել կլիմայական վտանգների ազդեցությունը՝ տեղեկատվական հիմք ստեղծելով ռիսկերի կառավարման, պետական և տարածքային պլանավորման, ներդրումային որոշումների և կլիմայական դիմակայունության բարձրացման համար։
Ծրագրի հիմնական արդյունքները ներկայացրեցին Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մարինե Նիկողոսյանը։
Ներկայացվեցին նաև քարտեզների մշակման մեթոդաբանությունը, օգտագործված տվյալներն ու աղբյուրները։ ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ մշակված այս գործիքը մեկ հարթակում մեկտեղում է կլիմայական և ջրային ռիսկերի վերաբերյալ տվյալները՝ օգնելով ավելի լավ գնահատել ռիսկերը և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ», - նշեց Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական ներկայացուցչության ծրագրերի պատասխանատու Մարինե Նիկողոսյանը։
Միջոցառումն ավարտվեց բաց քննարկմամբ՝ պետական մարմինների, ֆինանսական հատվածի, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:
Հարգանքով՝




























