Պենտագոնն անօդաչու թռչող սարքեր է կիրառում Լատինական Ամերիկայում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության երթուղիները վերահսկելու համար, իսկ ամերիկացի զինվորականներն արդեն անձամբ մասնակցում են տեղի իրավապահների հատուկ գործողություններին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
«Պենտագոնը կտրուկ ընդլայնում է բանակի ներգրավվածությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում թմրակարտելների դեմ պայքարում։ Նորագույն ԱԹՍ-ների միջոցով քարտեզագրվում են մաքսանենգության ցանցերը, իսկ ամերիկյան ստորաբաժանումներն ուղարկվում են ցամաքային ռազմագործողությունների», — գրում է պարբերականը։
ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը թերթին տված հարցազրույցում նշել է, որ չի բացառում նաև ցամաքային թիրախային հարվածների տարբերակը՝ ընդգծելով, որ Պենտագոնը հակված է քննարկել բոլոր հնարավոր քայլերը։ Նրա խոսքով՝ դա կարող է ներառել հարվածներ հասցնելը, ձերբակալությունները, ապաստարանների ու թաքստոցների չեզոքացումը, ինչպես նաև սահմանային անցակետերում բեռների խիստ սկանավորումը։ Նպատակը մեկն է՝ «ամբողջական ու համակարգային խոչընդոտներ» ստեղծել կարտելների գործունեության համար։
Էկվադորցի և ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ավելի քան 50 զինվորականներ ու իրավապահներ Էկվադորի ոստիկանության հետ համատեղ լուսաբացին հատուկ գործողություն են իրականացրել մեքսիկական կարտելի հետ կապված կոկաինի մաքսանենգության ենթադրյալ ցանցի դեմ։ Տեղի իշխանությունների փաստմամբ՝ սա ամերիկյան զորքերի առաջին անմիջական մասնակցությունն էր երկրում անցկացվող ոստիկանական ռեյդերին։ Գործողության ընթացքում կիրառվել են ամերիկյան ժամանակակից տեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Լրատվամիջոցը հավելում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցության այս մոդելը կիրառել ամբողջ տարածաշրջանում։





























