Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կատարցի միջնորդներից ստացել է Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ պատասխանը և չորեքշաբթի այն կքննարկի Թեհրանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Իրանը Վաշինգտոնին առաջարկել է յոթ օրով բացել Հորմուզի նեղուցը, եթե ամերիկյան կողմը հանի ծովային շրջափակումն ու նավթի արտահանման արգելքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր առաջարկը, սակայն Իրանի արտգործնախարարը սեպտեմբերի 27-ի գիշերը նշել էր, որ չնայած Թրամփի հայտարարությանը՝ իրենք դեռ սպասում են միջնորդների պաշտոնական պատասխանին։

«Արաղչին երեքշաբթի երեկոյան Դոհայում հանդիպել է կատարցի միջնորդներին, ստացել Իրանի առաջարկի վերաբերյալ ԱՄՆ պատասխանն ու չորեքշաբթի օրն այն կքննարկի Թեհրանում», — նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև հիմնական տարաձայնությունը վերաբերում է իրանական ծրագրով նախատեսված քայլերի հերթականությանը։

ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է։ Այն համաշխարհային շուկա նավթ, նավթամթերք և հեղուկ գազ հասցնող առանցքային ուղի է, ինչի պատճառով էլ աշխարհի տարբեր երկրներում վառելիքը կտրուկ թանկացել է։