«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Եվրոպական լիբերալ ֆորումի և Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» քաղաքական խմբի հրավերով այցելել է Բրյուսել։

Բրյուսելում կայացած աշխատանքային այցի շրջանակում անցկացվել են մի շարք արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ ԵՄ խորհրդարանի «Renew Europe» խմբի ղեկավարության հետ։

«Լուսավոր Հայաստանից» NEWS.am–ին հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի համար» խորագրով համաժողովին։

Այցի ընթացքում Մարուքյանը մասնակցել է նաև Եվրոպական խորհրդարանում կայացած Եվրոպական խորհրդարանական ժողովրդավարության ֆորումին, որի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպելու եվրոպական քաղաքականության ոլորտում նախկին գործընկերների և երկարամյա ընկերների հետ։

Բրյուսելյան այցը ևս մեկ հնարավորություն էր եվրոպական գործընկերների հետ քաղաքական և աշխատանքային կապերը խորացնելու, ընթացիկ գործընթացների շուրջ մտքեր փոխանակելու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։