Բուքինգհեմյան պալատի աշխատակիցներին սովորեցրել են, թե ինչպես ճանաչել ալկոհոլի խնդրահարույց օգտագործումը, ինչպես վարվել ոչ սթափ գործընկերների հետ և ինչպես կանխել աշխատավայրում ալկոհոլի հետ կապված ռիսկերը, գրում է Daily Mail-ը։
Դասընթացներն անցկացնելու համար արքունիքը հրավիրել էր Alcohol Change UK կազմակերպության խորհրդատուներին, որը զբաղվում է ալկոհոլի վնասների մասին իրազեկմամբ և աջակցում է այն մարդկանց, որոնք բախվում են դրա օգտագործման խնդիրներին։ Ըստ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռիչարդ Փայփերի՝ Բուքինգհեմյան պալատը այն գործատուներից մեկն էր, որոնք դիմել էին նման կրթական սեմինարների համար։
Դասընթացների թեմաներից մեկը եղել է այսպես կոչված «մոխրագույն գոտու ալկոհոլի օգտագործումը»։ Այդ եզրույթն օգտագործվում է նկարագրելու համար այն իրավիճակը, երբ մարդը կանոնավոր կամ չափից ավելի ոգելից խմիչք է օգտագործում, բայց միևնույն ժամանակ ալկոհոլից կախված չի համարվում։
Աշխատակիցներին սովորեցրել են նաև, թե ինչպես գործել, եթե գործընկերը ոչ սթափ վիճակում է եկել աշխատանքի, և քննարկվել է ալկոհոլի օգտագործումը անմիջապես աշխատավայրում։ Կազմակերպությունում ընդգծել են, որ նման իրավիճակները կարող են ոչ միայն առողջության կամ կարգապահության հարց, այլև աշխատակիցների անվտանգության խնդիր լինել։
«Խոսքը միայն այն խարանի մասին չէ, թե ալկոհոլ օգտագործելը լավ է, թե վատ։ Մենք փորձում ենք հեռանալ դրանից և կենտրոնանալ առողջության և կոնկրետ մարդկանց վրա, որպեսզի յուրաքանչյուրն իրեն ներառված զգա»,- The Times պարբերականի հետ զրույցում հայտարարել է Փայփերը։
Պարբերականի տվյալներով՝ արքունիքի աշխատակիցները համապատասխան դասընթացներն անցել են մի քանի տարի առաջ՝ անձնակազմի բարեկեցության աջակցության ծրագրի շրջանակում, որը կազմակերպել էր կադրերի բաժինը։
Ալկոհոլի թեման լրացուցիչ ուշադրություն է ստացել 2024 թվականի դեկտեմբերին պալատի աշխատակիցների ամանորյա երեկույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այդ ժամանակ շուրջ 50 աշխատակից շարունակել էին տոնակատարությունը Վիկտորիա սթրիթի All Bar One բարում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ պալատի 24-ամյա աշխատակցուհին վեճի ընթացքում հարվածել էր հաստատության մենեջերին և բաժակներ էր նետել, ինչից հետո նրան ձերբակալել էին։
Միևնույն ժամանակ անձնակազմի վերապատրաստումն անցկացվել էր ավելի լայն կանխարգելիչ ծրագրի շրջանակում և չէր կազմակերպվել անմիջապես այս միջադեպին ի պատասխան։
Alcohol Change UK-ում նաև նշել են, որ աշխատավայրում ալկոհոլի հարցերը կապված են ներառականության սկզբունքի հետ։ Փայփերի ասելով՝ մարդկանց ավելի քան 20%-ը ալկոհոլ չի օգտագործում, մինչդեռ Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ 6%-ն է բուսակեր։
Այսպիսով, Բուքինգհեմյան պալատի աշխատակիցների համար նախատեսված ծրագիրը նվիրված էր ոչ միայն ալկոհոլի չարաշահման կանխարգելմանը, այլև նրան, թե ինչպես գործատուն կարող է ստեղծել անվտանգ և հարմարավետ աշխատանքային միջավայր ալկոհոլի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեցող մարդկանց համար։





























