ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամից:
Արզնիի ձորի 6.7 կմ ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ Եղվարդ-Արագյուղ-Հարթավան մոտ 12.5կմ ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Քարաձորի, Ղուրսալ-Նոր Խաչակապ ճանապարհներին, Պուշկինյան լեռնանցքում (13.3կմ) ընթացքի մեջ է արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցումը։ Մեծավան տանող 8.5կմ երկարությամբ ճանապարհին նույնպես աշխատանքները թևակոխել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլ։
Շինհրապարակներում շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։ Քննարկվել են նաև նախագծային լուծումներին, շինարարական նյութերին առնչվող խնդիրներ։
Նման այցեր, հանդիպումներ շինարարների հետ տեղի են ունենում պարբերաբար։ Շինհրապարակներում աշխատանքների ընթացքի նկատմամբ հետևողական վերահսկողությունն ու սերտ գործակցությունը շինարարների հետ կարևոր նշանակություն ունի ճանապարհաշինական ծրագրերի արդյունավետ իրականացման համար։





























