Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է համարում Firebird ընկերության AI Factory արհեստական բանականության գործարանը հետախուզական տեղեկությունների կուտակիչ դարձնելու մասին խոսակցությունները։

Ազգային ժողովի միջանցքներում լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրեց, որ նման գործարանները ենթակառուցվածքային նշանակություն ունեն, և հաշվարկների հետ առնչվող ցանկացած կառույց օգտվում է նման օբյեկտներից։ «Մեքենան նույնպես կարելի է օգտագործել հանցագործություն կատարելու համար։ Բայց մի՞թե ողջամիտ է այդ դեպքում սահմանափակել կամ արգելել մեքենաների շահագործումը»,— զուգահեռներ անցկացրեց Թադևոսյանը։

Նախարարը հայտնեց, որ նոյեմբերին նախատեսում է ասուլիս հրավիրել և պատասխանել լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին։ Հարցին, թե որքան գումար է ներդրվել AI Factory-ի ստեղծման համար և ում կողմից, նախարարը նշեց, որ ներդրումներն իրականացվել են հայկական բանկերի կոնսորցիումի կողմից, սակայն չհայտնեց հստակ գումարի չափը։ Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցների հնարավոր օգտագործմանը, Թադևոսյանը առաջարկեց դա ևս պարզել ֆինանսավորող կազմակերպություններից։