Երկար տարիներ է՝ ես այդ ընտանիքին ճանաչում եմ, հոյակապ ընտանիք են, ես հիացած եմ այդ ընտանիքով, իրենք երկու եղբայրներ են, երկուսն էլ ամուսնացած չեն։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախօրեին Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկը ընկնելու հետևանքով մահացած երիտասարդ տղամարդու հարևանուհին։

«Մեր հարևանն է, նույն շենքում ենք ապրում։ Շատ շնորհքով պապա, մամա ունի։ Ես շատ ինձ վատ զգացի՝ իմանալով այդ դեպքի մասին, հոյակապ ընտանիք են, ցավում եմ այդ ընտանիքի համար, որովհետև իրենք այդ դեպքին արժանի չէին։ Բոլորը իրենց գիտեն, ամբողջ Աջափնյակը ճանաչում է իրենց։ Մենք հարևաններով, բոլորս ցավում ենք, շատ վատ բան եղավ։ Ես 75 տարեկան կին եմ, իմ տեղը չեմ գտնում»,–ասաց նա։

Մեկ ուրիշ Հարևանն էլ հավելեց. «Այնպես երեխա էր, որ սաղն էլ սիրում, հարգում էին, կյանքում մի հատ անշնորհք բան տեսած չկայինք, համեստ, խելոք։ Քիչ են լինում այդպիսի մարդիկ»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երևանի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Կա 3 զոհ։

Երեք մահացածներից մեկը հայ է, երկուսն՝ Իրանի քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշտարակային կռունկն ընկել էր ապամոտաժման ընթացքում։

Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։