Նովոսիբիրսկի բնակիչը, ով երկար ժամանակ չէր վճարում որդու ալիմենտը և պաշտոնական եկամուտ չուներ, մեկ օրում մարել է ավելի քան 1,4 մլն ռուբլու պարտքը, երբ երկրից ելքի արգելքի պատճառով չի կարողացել մեկնել Հայաստան՝ հիվանդ ազգականի մոտ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային ԴԱՀԿ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Նովոսիբիրսկի մարզի դատական կատարածուները 35-ամյա տեղաբնակից բռնագանձել են ավելի քան 1,4 մլն ռուբլու ալիմենտային պարտքը։ Տղամարդը երկար ժամանակ խուսափում էր ծնողական պարտականությունների կատարումից և պաշտոնական եկամուտ չուներ։ <…> Իրավիճակը լուծվել է, երբ պարտապանին անհրաժեշտ է եղել շտապ մեկնել Երևան՝ հիվանդ ազգականի մոտ»,— պատմել են մամուլի ծառայությունում՝ հստակեցնելով, որ ելքի արգելքը հանելու համար լիազորագրով դիմել է պարտապանի մայրը։

Ալիմենտի հիմնական պարտքից բացի, տղամարդը ստիպված է եղել վճարել նաև 226 հազար ռուբլու կատարողական տույժ․ սա այն գանձումն է, որը դատական կատարածուները հաշվարկում են սահմանված կամավոր ժամկետում պարտքը չմարած պարտապանների նկատմամբ։

Նովոսիբիրսկի մարզի ԴԱՀԿ գլխավոր վարչությունից հիշեցրել են, որ ալիմենտների վճարումից խուսափելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։