Դուբայից Թել Ավիվ ուղևորվող և Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն դանակահարվել է։ Դեպքերի նման վարկած է ներկայացնում իսրայելական i24News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Իսրայելցի ուղևորուհիներից մեկի խոսքով, նախատեսված ժամանման ժամից մոտ մեկ-երկու ժամ առաջ օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Մի քանի ուղևոր կարողացել են բացել դուռը և տեսել են «առատ արյուն». օդաչուներից մեկը վիրավորված է եղել ծալովի դանակով։

Դրանից հետո ինքնաթիռը մի քանի րոպեով լիովին կորցրել է կառավարումն ու սկսել ցած ընկնել։ Ականատեսի վարկածով՝ ինքնաթիռն աղետից փրկել են իսրայելցի ուղևորները։ Նրանց թվում եղել են բուժքույր և բժիշկ, որոնք առաջին օգնություն են ցույց տվել վիրավոր օդաչուին, ինչպես նաև մասնագետ օդաչուներ, որոնց հաջողվել է ստանձնել ինքնաթիռի ղեկավարումն ու վայրէջք կատարել։ Օդաչուի վրա հարձակվողը նույնպես վնասազերծվել է ուղևորների ջանքերով, պնդում է նա։

Ավելի վաղ Իսրայելի 14-րդ հեռուստաալիքը պնդում էր, որ պատահարի պատճառը կարող էր լինել օդաչուներից մեկի՝ ինքնաթիռը կործանելու փորձը, ինչին խանգարել էր երկրորդ օդաչուն՝ դիմադրելով նրան։ Արդյունքում շուրջ 180 ուղևորով օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում։ Flydubai ընկերությունը խոստացել էր մոտ ժամանակներս պահեստային ինքնաթիռ ուղարկել այնտեղ՝ ուղևորներին Իսրայել հասցնելու համար։