Facebook-ի բաժնետոմսերի գնանկման պատճառներից մեկը կարող է լինել սոցիալական ցանցի եկամտաբերության մասին բացասական կանխատեսումը, որ հնչեցրել էր Morgan Stanley բանկի աշխատակից, վերլուծաբան Սքոթ Դեւիսը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սքոթ Դեւիսը հայտարարություն էր արել, թե Facebook-ի եկամուտները կնվազեն ինչպես երկրորդ եռամսյակում, այնպես էլ ամբողջ տարվա կտրվածքով: Փորձագետները կարծում են, որ Դեւիսի կանխատեսումը շոկ է եղել որոշ ներդրողների համար, որոնք պատրաստվում էին բաժնետոմսեր գնել:

Այդուհանդերձ, փորձագետների գնահատականով, Facebook-ի բաժնետոմսերի գնանկման պատճառը ներդրողների իրական պահանջարկի գերագնահատումն է եղել, բորսայում զետեղված չափազանց շատ բաժնետոմսերը եւ ավելացված պրայսինգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի երկրորդ օրը նվազել է նախնական 38 դոլարից` կազմելով 35,35 դոլար մեկ հատի համար: