Մեծ Բրիտանիայում Եվրոպական միությունից դուրս գալու (Brexit) հանրաքվեից ավելի քան 10 տարի անց երկրի վարչապետն առաջին անգամ հրապարակայնորեն բարձրացրել է կառույցին հնարավոր վերամիավորման հարցը։ BBC-ին տված հարցազրույցում Էնդի Բերնեմն առանձնացրել է երեք տարբերակ, որոնք նախատեսում է քննարկել տարեվերջին կայանալիք Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովում․ առաջինը՝ ԵՄ վերադառնալը, երկրորդը՝ միասնական շուկային միանալը, և երրորդը՝ Մաքսային միությանն անդամակցելը։

Ըստ Բերնեմի՝ կարելի էր շարունակել մնալ նաև ներկայիս կարգավիճակում․ «դա անշուշտ տարբերակներից մեկն է, եթե մարդիկ կարծում են, թե մենք ճիշտ տեղում ենք»։ Այդուհանդերձ, նրա համոզմամբ, Brexit-ն ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ, ինչի հետ համամիտ են նաև քաղաքացիները։ Հունիսյան հանրաքվեի 10-ամյակի նախօրեին անցկացված հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 52%-ը կողմ է ԵՄ վերադառնալուն, մինչդեռ դեմ է արտահայտվել 33%-ը։ Համեմատության համար նշենք, որ հենց հանրաքվեի ժամանակ Brexit-ին կողմ էր քվեարկել 51,9%-ը, իսկ դեմ՝ 48,1%-ը։

Բնակչության էլ ավելի մեծ հատվածը՝ 70%-ը, կողմ է ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի հաստատմանը (առանց լիարժեք անդամակցության, որը կպահանջեր անդամակցման կրկնակի, երկարատև ու բարդ գործընթաց)։ Ընդ որում, նույնիսկ Brexit-ի օգտին քվեարկածների 61%-ն է կողմ նման քայլին։ Բերնեմի խոսքով՝ իր մատնանշած տարբերակները պետք է գնահատել՝ ելնելով նրանից, թե «ինչն է իրապես իրագործելի», ինչպես նաև հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։

Առայժմ վարչապետը մտադիր է առաջնորդվել Լեյբորիստական կուսակցության գործող ծրագրով, որը չի նախատեսում անդամակցություն միասնական շուկային կամ Մաքսային միությանը։ Այդուհանդերձ, նա ցանկանում է առաջիկա գագաթնաժողովում հստակեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր կուրսը, իսկ այնուհետև դրա անհրաժեշտությունը հիմնավորել հաջորդ համընդհանուր ընտրություններում, որոնք, նրա խոսքով, տեղի են ունենալու 2029 թվականին։

ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրներ կառույցի հետ ունեն սերտ հարաբերություններ, որոնք ենթադրում են ինտեգրման այս կամ այն աստիճանը։ Օրինակ՝ Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտայնը մտնում են Եվրոպական տնտեսական գոտու (ԵՏԳ) մեջ, այսինքն՝ Մաքսային միության և միասնական շուկայի անդամ են։ Վերջինս նախատեսում է աշխատուժի (մարդկանց), կապիտալի (դրամական միջոցների), ապրանքների և ծառայությունների ազատություն սահմանել։

Շվեյցարիան, չլինելով ԵՏԳ անդամ, ԵՄ-ի հետ ունի երկկողմ համաձայնագրեր, որոնք նրան տալիս են կառույցի անդամ երկրներին համանման իրավունքներ, սակայն վերապահում են ԵՄ քաղաքացիների՝ շվեյցարական աշխատաշուկա մուտք գործելու թույլտվության հատուկ կարգը։