Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել Կատալոնիայի հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով երկրում տիրող բնակարանային ճգնաժամի դեմ։ Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ակցիան կազմակերպվել է սոցիալական ցանցերի միջոցով։ Ցույցի մասնակիցները, ի թիվս այլ պահանջների, բարձրաձայնում են արժանապատիվ ու մատչելի բնակարան ունենալու իրավունքի մասին։ Կազմակերպիչները հույս ունեն, որ այս վրանային ճամբարը հանրության ուշադրությունը կհրավիրի բնակարանային ապահովվածության լուրջ խնդիրների վրա։
Բարսելոնայի ակցիան Իսպանիայի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերի շղթայի մի մասն է, որոնք բռնկվել էին տարեց մի կնոջ վտարումից հետո․ վերջինս ստիպված էր եղել լքել իր վարձակալած տունը, որտեղ ապրել էր 70 տարի։ Այսպես, սեպտեմբերի 26-ին մարդաշատ բողոքի ակցիա էր անցկացվել Մադրիդում, որի ավարտին հարյուրավոր մարդիկ վրանային ճամբար էին հիմնել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ շենքի սեփականատեր ընկերության հետ ձեռք բերված համաձայնության շնորհիվ՝ տարեց կինն, ի վերջո, կկարողանա վերադառնալ իր տուն։
Վերջին տարիներին Իսպանիայում բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու հարցը կտրուկ բարդացել է գների անկառավարելի աճի ֆոնին։ RTVE հեռուստառադիոընկերության տվյալներով՝ տան գնումը նախահամավարակային շրջանի համեմատ թանկացել է շուրջ 35%-ով, իսկ վարձակալության գները բարձրացել են 43%-ով։ Սա, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նրանով, որ նոր ձևավորվող ընտանիքների համեմատությամբ շուկայում բնակարանների ակնհայտ դեֆիցիտ է նկատվում։




























