Գերմանիայում վառելիքի բարձր գների ֆոնին ավելի ու ավելի շատ վարորդներ են դիմում վառելիքի գողության․ լիցքավորման կայանների որոշ օպերատորներ գիշերներն արդեն անջատում են աշխատանքային ապարատները։ Այս մասին գրում է Bild պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի լիցքավորման կայանների օպերատորների շահերի պաշտպանության ասոցիացիան։

Վառելիքի գողությունը տարածված է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների շրջանում։ «Ակնհայտ է, որ հենց գները մոտեցան [մեկ լիտրի համար] 2,40 եվրոյի մակարդակին, իսկ հանցագործություն կատարելու հոգեբանական արգելքը նվազեց։ Ոմանք պարզապես հեռանում են՝ առանց վճարելու»,— արձանագրել է ասոցիացիայի ներկայացուցիչ Հերբերտ Ռաբլը։

Նման դեպքերը շարունակվում են՝ չնայած բռնվելու մեծ ռիսկին, քանի որ Գերմանիայի գրեթե բոլոր լիցքավորման կայաններում տեսահսկում է իրականացվում։ Փորձառու գողերն այս դեպքում օգտագործում են գողացված պետհամարանիշեր կամ պարզապես փակում են դրանք։

Սեպտեմբերին դիզելային վառելիքի և E10 տեսակի էժանագին բենզինի (պարունակում է մինչև 10% բիոէթանոլ) գները պատմական ռեկորդներ են սահմանել։ Գերմանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայում ավտոմոբիլային վառելիքի թանկացումը պայմանավորված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում իրավիճակի սրմամբ։