Դուբայից Թել Ավիվ թռչող օդանավում առևանգման ահազանգից և Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջքից հետո Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է կասեցնել էմիրաթական Flydubai ավիաընկերության չվերթները, հայտնում է N12 հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ անվտանգության հարցերով քննարկման ժամանակ Ռեգևի և Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ) ներկայացուցիչների միջև թեժ վեճ է բռնկվել։
Ynet պորտալի փոխանցմամբ՝ նախարարը պնդում է, որ Flydubai-ն խախտել է երկկողմ ավիացիոն համաձայնագիրը՝ դեպի Իսրայել չվերթը վստահելով Օմանի քաղաքացուն, որի հետ Թել Ավիվը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Ռեգևի համոզմամբ՝ ընկերության թռիչքները պետք է կասեցվեն առնվազն մինչև հետաքննության ավարտը։ «Սա լուրջ պատահար է, և մենք մազապուրծ եղանք խոշոր աղետից», — Ynet-ին փոխանցել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։
Ավելի վաղ i24News-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ միջադեպը որակվում է որպես ահաբեկչություն։ Ըստ տեղեկությունների՝ Օմանի քաղաքացի հանդիսացող երկրորդ օդաչուն դանակահարել է ԱՄԷ քաղաքացիություն ունեցող հրամանատարին և փորձել զավթել ինքնաթիռի կառավարումը։ Հարձակվողին վնասազերծել են ուղևորներն ու անձնակազմը, իսկ Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում վայրէջք կատարելուն օգնել են օդանավում գտնվող ՀԱՀ-ի և Նոր Զելանդիայի օդաչուները։





























