Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:
Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։
Մասնավորապես՝ հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։
Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:





























