Եվրոպան կարող է անվտանգության ոլորտում խոցելի մնալ մինչև 2030 թվականը, քանի դեռ երկրները մեծացնում են իրենց պաշտպանական կարողությունները։ Դրա մասին Euronews Defence and Space գագաթնաժողովում հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության պետ, գեներալ Օննո Էյխելսխայմը, գրում է բրիտանական The Guardian-ը։

Նրա գնահատմամբ՝ այժմ կա «խզում այն սպառնալիքների միջև, որոնց մենք բախվում ենք այսօր, և այն զինված ուժերի միջև, որոնք պատրաստ կլինեն միայն մի քանի տարի անց»։ Այդ պատճառով Եվրոպային անհրաժեշտ է շտապ դասեր քաղել Ուկրաինայի փորձից և անցումային ժամանակահատվածի համար հուսալի զսպում ապահովել։

«Այդ պատուհանի ընթացքում մենք պետք է ապահովենք ուժեղ զսպում, իսկ եթե զսպումը արդյունավետ չլինի, պետք է պատրաստ լինենք պատերազմելու»,- ասել է Էյխելսխայմը։

Առանձին գեներալը եվրոպական երկրներին կոչ է արել փոխել զինտեխնիկայի գնումների և պաշտպանական արտադրության նկատմամբ իրենց մոտեցումը։ Ըստ նրա՝ պետությունները պետք է ավելի սերտ համագործակցեն և դադարեն առաջնորդվել բացառապես ազգային շահերով։

«Մեզ պետք չեն անօդաչու թռչող սարքերի ստեղծման 27 տարբեր ծրագրեր», — հայտարարել է նա։

Էյխելսխայմը նշել է, որ եվրոպական պաշտպանական համագործակցության հաջողությունը պետք է գնահատել ոչ թե համատեղ ծրագրերի քանակով, այլ նրանով, թե ի վերջո ինչ սպառազինություն են ստանում զինծառայողները։

Քննադատելով համատեղ պաշտպանական նախագծերի համար գործընկերներ գտնելու գործող մեխանիզմները՝ գեներալը դրանք համեմատել է Tinder-ի հետ։ Նրա կարծիքով՝ հաջող «համընկնման» համար անհրաժեշտ է, որպեսզի հարթակում մասնակցեն բավարար թվով երկրներ, իսկ դրանից հետո ինչ-որ մեկը պետք է իսկապես սկսի գործել։

«Նախագծերը միշտ չէ, որ ներկայացվում են ամբողջությամբ, իսկ տրամադրվող տեղեկությունները հաճախ բավականաչափ մանրամասն չեն իմաստալից համընկնման համար»,- պարզաբանել է նա։

Մի պահ Էյխելսխայմը, նկատելով, որ չափազանց է տարված անալոգիայով, շտապել է հավաստիացնել լսարանին, որ Tinder-ում շատ ժամանակ չի անցկացնում և, առհասարակ, երջանիկ ամուսնացած է։

Սակայն կատակին հաջորդել է լուրջ միտք․ եվրոպական երկրները չափազանց հաճախ նախ պարզում են, թե պաշտպանական պայմանագրերի ինչ մասն է բաժին հասնելու իրենց սեփական արդյունաբերությանը, և միայն դրանից հետո են համատեղ նախագծերի համար գործընկերներ փնտրում։

«Մենք պետք է շրջենք այս տրամաբանությունը»,- հայտարարել է Նիդերլանդների պաշտպանական գերատեսչության ղեկավարը։