Isamaa կուսակցությունից Ռիիգիկոգուի պատգամավոր Հելիր-Վալդոր Սեեդերը կառավարությանը կոչ է արել ամբողջությամբ փակել էստոնա-ռուսական սահմանին գործող անցակետերը, իսկ ազատված ռեսուրսներն ուղղել լատվիա-բելառուսական սահմանի պահպանության ուժեղացմանը, հաղորդում է ERR-ը:
«Ինչո՞ւ կառավարությունն ամբողջությամբ չի փակում Ռուսաստանի հետ վերահսկիչ գիծը և լրացուցիչ ռեսուրսներ չի ուղղում Լատվիա, որտեղ օգնությունն իսկապես անհրաժեշտ է»,- չորեքշաբթի խորհրդարանական տեղեկատվական ժամի ընթացքում հարցրել է Սեեդերը։
Ըստ նրա՝ տարածաշրջանում միգրացիոն իրավիճակը Էստոնիայի համար լրացուցիչ բեռ և անվտանգության ռիսկեր է ստեղծում։ Բացի դրանից, Նարվան մնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև տարանցիկ ուղիներից մեկը։
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ կառավարությունն արդեն էապես սահմանափակել է Ռուսաստանի հետ սահմանային անցակետերի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք ամբողջությամբ փակել։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, որոշումներն ընդունվում են՝ ելնելով սպառնալիքների գնահատումից։
«Մենք այնտեղ (Լատվիա) ուղարկել ենք ոստիկանական ստորաբաժանումներ և նվազեցրել ենք սահմանի ծանրաբեռնվածությունը՝ փակելով անցակետերը և կրճատելով դրանց աշխատանքի ժամանակը։ Եթե անհրաժեշտ լինի, մենք պատրաստ ենք հարևաններին լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել»,- ասել է Միխալը։
Էստոնիայի կառավարությունն ավելի վաղ արդեն կրճատել էր Լուխամաա և Կոյդուլա սահմանային անցումների աշխատանքային ժամերը՝ դա բացատրելով սահմանապահների պահպանությունն ուժեղացնելու համար աշխատակիցներ ազատելու անհրաժեշտությամբ։ Իշխանությունները միաժամանակ ուժեղացրել են մաքսային վերահսկողությունը Ռուսաստանի ուղղությամբ, մասնավորապես՝ երկիր պատժամիջոցային ապրանքների ներմուծումն ու հետագա արտահանումը կանխելու համար։
Միխալը շեշտել է, որ էստոնա-ռուսական սահմանն արդեն չի գործում սովորական ռեժիմով․ անցակետերի մի մասը փակ է, իսկ մյուսների աշխատանքային ժամերը կրճատված են։ Ըստ նրա՝ Էստոնիան հանդես է գալիս ԵՄ արտաքին սահմանների ամրապնդման օգտին, այլ ոչ թե Եվրամիության երկրների միջև ներքին սահմանների վերականգնման։
«Մենք ունակ ենք արագ փակել այս անցակետերը, և այս ամենը տեղի է ունենում Էստոնիայի անվտանգության քաղաքականությանը և սպառնալիքների գնահատմանը համապատասխան»,- հայտարարել է վարչապետը։
Որպես օրինակ նա բերել է Լուխամաա անցակետը, որը սեպտեմբերի 7-ին ժամանակավորապես փակվել էր, երբ Իրանի երկու քաղաքացիներ բազմիցս փորձել էին Ռուսաստանից մուտք գործել Էստոնիա՝ առանց օրինական հիմքերի։
Միխալը հայտարարել է նաև, որ, իր կարծիքով, Էստոնիայի քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, և հիշեցրել է, որ կառավարությունն արդեն խորհուրդ էր տվել զերծ մնալ նման ուղևորություններից։




























