Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առկա տվյալները վկայում են, որ Flydubai-ի չվերթի օդաչուներից մեկը ցանկացել է կործանել ուղևորներով լի ինքնաթիռը, փոխանցում է The Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ աղետը հաջողվել է կանխել ուղևորի և անձնակազմի անդամների գործողությունների շնորհիվ։

«Այսօր առավոտյան անվտանգության ոլորտում չափազանց լուրջ միջադեպ է տեղի ունեցել», — ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում, որը դարձավ պատահարին նրա առաջին հրապարակային արձագանքը։

Դուբայից Թել Ավիվ FZ1073 չվերթն իրականացնող Flydubai-ի ինքնաթիռը չորեքշաբթի օրը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք քաղաքում։ Ըստ Նեթանյահուի՝ երբ ինքնաթիռը մոտենալիս է եղել Իսրայելին, օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին, իսկ հետո, ենթադրաբար, փորձել է կործանել օդանավը։

«Իսրայելցի ուղևորը, որի հետ ես խոսել եմ, անձնակազմի անդամներից մեկի հետ կարողացել է ներթափանցել խցիկ և կանգնեցնել օդաչուին այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր վնասել ինքնաթիռի համակարգերը», — պատմել է վարչապետը։ Դրանից հետո խցիկ է մտել անձնակազմի ևս մեկ անդամ և կարողացել է կայունացնել ինքնաթիռի ընթացքը։

Թռիչքի հետագծման տվյալների համաձայն՝ միջադեպի ժամանակ ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու րոպեից պակաս ժամանակահատվածում այն իջել է մոտ 17 400 ֆուտ կամ շուրջ 5,3 կիլոմետր։ Ուղևորները պատմել են իրենց համակած խուճապի և ինքնաթիռի կտրուկ գահավիժման մասին։

Իսրայելի իշխանություններն ի սկզբանե մտավախություն ունեին, որ փորձ է արվել առևանգել ինքնաթիռը՝ այն բանից հետո, երբ անձնակազմն օդանավի կառավարմանն ապօրինի միջամտելու ազդանշան էր տվել։ Ավելի ուշ պաշտոնյաները հայտարարեցին, որ կատարվածը հետաքննում են որպես հավանական ահաբեկչություն։ Միաժամանակ, Flydubai-ն առայժմ հաստատում է միայն միջադեպի և արտակարգ վայրէջքի փաստը՝ չմանրամասնելով։

Երկու օդաչուներն էլ վիրավորվել են և հոսպիտալացվել Սաուդյան Արաբիայում։ Կասկածյալին հարցաքննում են սաուդյան իշխանությունները, հայտնել է Նեթանյահուն։

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել չվերթի ուղևորներին՝ դրսևորած հնարամտության և արիության համար նրանց անվանելով հերոսներ։ Նա Իսրայելի անվտանգության ծառայություններին հանձնարարել է նախապատրաստվել հնարավոր նոր սպառնալիքներին և հայտարարել է, որ իշխանությունները մշտական կապի մեջ են համապատասխան մարմինների հետ՝ ուղևորների անվտանգությունն ու նրանց տունդարձն ապահովելու նպատակով։

Մինչ այդ Իսրայելը փորձում է կազմակերպել ուղևորների վերադարձը Սաուդյան Արաբիայից։ Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները դիտարկում էին նրանց հետևից ռազմական կամ քաղաքացիական ինքնաթիռ ուղարկելու տարբերակը, սակայն Սաուդյան Արաբիան թույլ չէր տվել իսրայելական օդանավի ժամանումը։ Սաուդյան ավիացիոն օպերատորը հայտնել է Flydubai-ի փոխարինող ինքնաթիռի նախապատրաստման մասին։